ՀՀ կառավարությունը որոշակի տնտեսական ակտիվություն և սոցիալական վիճակի փոփոխություն է ակնկալում Հարկային օրենսգրքի փոփոխությունների արդյունքում: Այս մասին այսօր ԱԺ ֆինանսաբյուջետային հանձնաժողովում 2020թ-ի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա հիշեցրեց, որ 2020թ-ի հունվարի 1-ից ուժի մեջ է մտնում Հարկային օրենսգրքում կատարված փոփոխություններն ամբողջ ծավալով։

«Սոցիալական մասով կարևոր է արձանագրել, որ մոտավոր հաշվարկով շուրջ 200 հազար քաղաքացու աշխատավարձ բարձրանալու է Հարկային օրենսգրքի փոփոխության արդյունքում:

Այսինքն՝ դա նոմինալ չի լինելու աշխատավարձերի բարձրացում։ Քանի որ մենք Հարկային օրենսգրքում եկամտահարկի համահարթ դրույքաչափ ենք սահմանել, ըստ էության, մոտավոր 200 հազար քաղաքացիների աշխատավարձը, փաստացի տնօրինվող գումարի ծավալը կավելանա Հարկային օրենսգրքի փոփոխությունների բերումով»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետը նշեց, որ 2020թ հունվարի 1-ից միջինը 10 տոկոսով կավելանան կենսաթոշակները, իսկ հուլիսի 1-ից կբարձրանա երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը։

«Երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափի ավելացում կունենանք՝ սահմանելով 300 հազար դրամ: Գործող կարգով առաջին և երկրորդ երեխաների համար այս պահին սահմանված է 50 հազար և 150 հազար դրամ, բայց այդ թվերը կավելանան: Մենք մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի չափի ավելացում կունենանք՝ 25,5 դրամ՝ գործող 18.000 դրամի փոխարեն»,- ընդգծեց վարչապետը՝ հավելելով, որ կիրականացվեն նաև ծնելիության աճի խթանմանն ուղղված ծրագրեր։

Վարչապետը հայտնեց, որ հունվարի 1-ից 10 տոկոսով կբարձրանա ուժային կառույցների աշխատողների միջին աշխատավարձը, 30%-ով՝ Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության աշխատողների աշխատավարձը, 20 հազար դրամով էլ կավելանա անտառապահների և անտառապետերի աշխատավարձերը։

Նիկոլ Փաշինյանը նշել է նաև, որ արդեն իսկ ավելացել է ուսուցիչների աշխատավարձը:

Վարչապետը հայտնեց, որ 2020թ-ին 3 մլրդ դրամ կհատկացվի աղետի գոտու այն քաղաքացիների բնակարանային խնդիրների համար, որոնց նկատմամբ պետության պարտավորությունը դե յուրե արձանագրված է։

«Մենք հիմա մի քանի մոդելներ քննարկում ենք, և այդ մոդելների մի մասն այս տարի արդեն կփորձարկվի»,- նշել է նա։