Երեկ ուշ երեկոյան Կապանի բնակիչները կրկին արձանագրել են, որ քաղաքով անցնող Ողջի գետն աղտոտվել է: «Զբոսավարներ հարավից» ՀԿ-ի ներկայացուցիչ Դավիթ Հակոբյանը հայտնել է, որ այս մասին ահազանգել է բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Սյունիքի տարածքային բաժին, որի մասնագետները կատարել են ջրի նմուշառում: Այս մասին գրում է «Հետքը»։

Գետի աղտոտման հետքերով, ըստ Դ. Հակոբյանի, իրենք հասել էին Ներքին Գիրաթաղ, որտեղ հոկտեմբերի 17-ին տեղի էր ունեցել «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի պոչատարի վթար, որի հետևանքով պոչանքները լցվել էին Ողջի գետ:

Դավիթ Հակոբյանի փոխանցմամբ՝ Ներքին Գիրաթաղում արձանագրել են, որ Ողջիի Գիրաթաղ վտակի ջուրը մաքուր է, ինչից հետո Ողջիի հոսանքով շարժվել են ներքեւ՝ դեպի Կապան, և պարզել են, որ Ողջին աղտոտվել է դրա վրա գտնվող Ջրախորի հէկի (գտնվում է Կապանի տարածքում, տես ստորև) թունելի մաքրումից: Հէկի թունելն իր հերթին աղտոտված է եղել հոկտեմբերի 17-ին ԶՊՄԿ-ի պոչատարից արտահոսած պոչանքներով:

Ջրախորի հէկ-ը (ներկայում կազմված է 3 փոքր հէկերից՝ «Ողջի-1», «Ողջի-2», «Ողջի-3», որոնք աշխատում են կասկադային համակարգով) Հայաստանի ամենահին հէկերից է, կառուցվել է 20-րդ դարի սկզբին: Շահագործողը «Կապան-Էնեղժի» ՓԲԸ-ն է: