Կենտրոնական բանկից տարեկան 50-60 աշխատակից են դուրս գալիս աշխատանքից, քանի որ աշխատավարձերը մրցունակ չեն՝ առևտրային բանկերի աշխատավարձերի հետ համեմատ: Այս մասին ԱԺ-ում ասել է Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը, հաղորդում է Factor tv-ն:

«Այս տարի 100-ից ավելի աշխատակից է եկել դուրս: Համաձայն ԿԲ-ի մասին գործող օրենքի, մեր աշխատավարձերը պետք է լինեն առևտրային բանկերի միջին աշխատավարձերից ոչ ցածր: Ավաղ, այս պահին աշխատավարձերը ցածր են, և մենք չենք ուզում առևտրային բանկերի աշխատավարձերի բարձրացման տեմպը դնել մեր աշխատավարձերի բարձրացման մեջ», - ասել է Ջավադյանը:

ԿԲ նախագահի խոսքով` Կենտրոնական բանկի մասին գործող օրենքի համաձայն` ԿԲ աշխատակիցների աշխատավարձերը պետք է լինեն առևտրային բանկերի միջին աշխատավարձերից ոչ ցածր, սակայն վերջին տարիներին ԿԲ-ում կատարել են աշխատավարձերի միայն բնականոն բարձրացումներ` կապված ստաժի, փորձառության հետ: Ջավադյանը նշել է, որ նախատեսել են աշխատավարձի բնականոն աճ` 1.9%-ով, այնինչ՝ առևտրային բանկերը նախատեսում են աշխատավարձերի 8 %-ով բարձրացում: ԿԲ ղեկավարը հիշեցրել է, որ ըստ օրենքի ԿԲ-ն աշխատավարձ տալիս օգտագործում է հենց իր գումարը, այլ ոչ՝ օգտվում պետբյուջեից: