ՀՀ ԱԱԾ-ն բացահայտել է արդարադատության նախարարության մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների կողմից 2011-2015թթ. ընթացքում առերևույթ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և դրան օժանդակելու մի շարք դեպքեր:

Մասնավորապես, կառուցապատման աշխատանքներով զբաղվող տնտեսվարող սուբյեկտներից մեկին թույլատրվել է իրականացնել Երևանի Կենտրոն վարչական շրջանում տեղակայված անշարժ գույքի կառուցապատման աշխատանքներ, ինչպես նաև՝ ՀՀ ԱՆ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում և Երևանի թիվ 47 դպրոցում վերանորոգման՝ ընդհանուր առմամբ շուրջ 870 միլիոն ՀՀ դրամի աշխատանքներ՝ դրա դիմաց կառուցապատողի սեփականությանը՝ Կենտրոն վարչական շրջանի հիշյալ անշարժ գույքի 925.65 քառ. մետր ընդհանուր մակերեսով նկուղի և առաջին հարկի տարածքների ու հողամասի բաժնային մասը հանձնելու, ինչպես նաև 821 քառ. մետր ընդհանուր մակերեսով նոր՝ 5-րդ հարկի և բարձր տանիքով ձեղնահարկի կառուցումը թույլատրելու պայմանով: ԱԱԾ-ից հայտնում են, որ ԱՆ պատասխանատու պաշտոնատար անձինք կազմել և հաստատել են նշված աշխատանքները կատարված լինելու վերաբերյալ պաշտոնական կեղծ փաստաթղթեր, որոնք հիմք են հանդիսացել 2014թ-ի դեկտեմբերի 23-ին սեփականության իրավունքի պետական գրանցումն իրականացնելու, ինչպես նաև նույն հասցեում տեղակայված շինության 5-րդ հարկ և ձեղնահարկ կառուցելու թույլտվության համար: Այս շինաշխատանքների կատարման ընթացքում 2013թ-ին ԱՆ աշխատակիցը պահանջել է 480.000 ՀՀ դրամ ՝ բարձրաստիճան պաշտոնատար անձի ազգականին պատկանող տան վերանորոգման համար շինանյութ տրամադրելու համար:

Բացի այդ, 2011թ-ի ապրիլից մինչև 2015թ-ի ապրիլ ամիսն ընկած ժամանակահատվածում, ԱՆ վարորդի հաստիք զբաղեցնող անձը, շարունակելով իրականացնել նշված գործառույթները, հրամանագրվել է ՀՀ արդարադատության նախարարության մի շարք այլ ստորաբաժանումների հաստիքացուցակով նախատեսված պաշտոններին՝ չկատարելով համապատասխան պարտականությունները, որի արդյունքում էական վնաս է պատճառվել պետության օրինական շահերին և պետական բյուջեից վճարվել է վարորդի աշխատավարձից շուրջ 1.8 մլն ՀՀ դրամով ավելի բարձր վարձատրություն:

Բացահայտված դեպքերի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում 2019թ-ի հոկտեմբերի 21-ին հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով, կատարվում է նախաքննություն: