Եթե քուրդ զինյալները դուրս չգան Սիրիայում 30 կմ խորությամբ ստեղծվելիք անվտանգության գոտուց, Թուրքիան կվերսկսի ռազմական գործողություններն այդ երկրում։ Այդ մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։

Թեպետ քրդական կողմը, ինչպես նաև Ռուսաստանը, հայտարարել էին քրդական ուժերի հետ քաշվելու մասին, այնուամենայնիվ, ըստ թուրքական կողմի՝ առայժմ ոչ բոլոր քուրդ զինյալներն են լքել այդ տարածքը, հայտնում է Ermenihaber-ը:

«ԱՄՆ-ն պատասխանատվություն ստանձնեց, որ 120 ժամվա ընթացքում Սիրիայի քրդական ուժերը դուրս կգան այդ տարածքից։ Նախ ընդմիջում հայտարարվեց ռազմական գործողություններում, իսկ հետո դրանք դադարեցվեցին։ Եթե ինչ-որ մեկը դուրս չգա, Թուրքիան իրավունք ունի հարվածելու։ Մենք տեսնում ենք, որ նրանք ոչ բոլորն են դուրս գալիս։ Դե մենք էլ նրանց կմաքրենք։ Ռուսաստանի հետ համաձայնեցված 150 ժամվա ընթացքում եթե Սիրիայի քրդական ուժերը Քոբանիից 30 կմ չհեռանան, ապա Թուքիան ահաբեկիչներից կմաքրի այդ տարածքները։ Այն, որ հայտարարել ենք ռազմագործողությունը դադարեցնելու մասին, դա դեռ չի նշանակում, որ մենք որևէ բան չենք անելու», - ասել է նա։

150 ժամվա ժամկետը լրանում է հոկտեմբերի 29-ին։