Ոստիկանության կազմակերպված հանցագործության դեմ պայքարի գլխավոր վարչությունն անցյալ շաբաթ ուսումնասիրություն էր իրականացրում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում և նյութեր էր նախապատրաստում ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու փաստով։ Նախապատրաստված նյութերով արդեն հարուցվել է քրեական գործ։ Այդ մասին գրում է «Փաստերի ստուգման հարթակը»։

Fip.am-ը հոկտեմբերի 12-ին «Ռուբեն Հայրապետյանի ընկերությունը՝ ֆուտբոլի ակադեմիաների կառուցապատող» վերնագրով հետաքննություն էր հրապարակել, որում պարզել էր, որ Հայաստանում գործող ֆուտբոլի բոլոր ակադեմիաները կառուցվել են մեկ ընկերության՝ «Զեյթունի կահույքի ֆաբրիկա» ԲԲԸ-ի կողմից, որի բաժնեմասերը պատկանում են ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանին։

Ոստիկանությունից հայտնում են, որ քրեական գործն ուղարկվել է Պետական եկամուտների քննչական վարչություն, որտեղից Fip.am-ին տեղեկացրեցին, որ ՊԵԿ քննչականը դեռևս նման գործ չի ստացել։ Քրեական գործի հարուցման մասին դեռ տեղյակ չեն նաև ֆուտբոլի ֆեդերացիայում։