Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահ 75-ամյա Ջեյկոբ Զուման՝ ով ՀԱՀ-ի նախագահի պաշտոնը զբաղեցնում է 2009 թ․-ից ի վեր, ժողովրդին հղած ուղերձում հայտարարել է, որ իր պաշտոնից հեռանալու հարցը պետք է որոշի խորհրդարանը, սակայն այնուհետ հայտարարել է իր «անհապաղ» հրաժարականի մասին: Այս մասին հայտնել է BBC-ն։

«Ես չեմ վախենում անվստահության քվեից կամ պաշտոնանկությունից»,- ասել է նա՝ ելույթ ունենալով հեռուստատեսային ուղերձով և նշելով, որ պաշտոնից իրեն հեռացնելու հարցը պետք է լուծի խորհրդարանը: Սակայն 30 րոպեանոց ելույթի վերջում նա ասել է, որ որոշել է «անհապաղ» հեռանալ նախագահի պաշտոնից:

Նախագահի պարտականությունները կատարելու է փոխնախագահ Սիրիլ Ռամաֆոսան:

Ավելի վաղ հաղորդվել է, որ երկրում իշխող «Աֆրիկյան ազգային կոնգրես» կուսակցությունը հայտարարել է Զումային հրաժարականի համար 48 ժամ տրամադրելու համար: Չստանալով նախագահի պատասխանը՝ կուսակցությունում խոստացել են Զումային անվստահության քվեի օգտին քվեարկել և փորձել նրան փոխարինող նշանակել Ռամաֆոսային:

Վերջին ժամանակներս երկրի ղեկավարությունը մեղադրվում էր պետական գույքը յուրացնելու համար: Զուման հերքում է իր մեղքը՝ պնդելով, որ բոլոր գործարքները վերահսկել են կառավարական հատուկ ծառայությունները: