Նիկոլ Փաշինյան. ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Հայոց ցեղասպանության ճանաչումը հզոր քայլ է պատմական արդարության ուղղությամբ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ողջունել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևն ընդունելու փաստը՝ ընդգծելով դրա կարևորությունը ցեղասպանությունների կանխարգելման հարցում:
«Ողջունում եմ Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի պատմական քվեարկությունը։ Բանաձևը հզոր քայլ է պատմական արդարության ու ճշմարտության ուղղությամբ, որը նաև մխիթարանք է հաղորդում Հայոց ցեղասպանությունից փրկվածների ժառանգներին։ Ընդունեք իմ սրտանց շնորհավորանքներն ու հիացմունքն ուղղված ամերիկահայերի սերունդներին, ում անձնազոհ քաղաքական և հասարակական գործունեությունն ու հաստատակամությունն էին այս պատմական քվեարկության շարժիչ ուժը և ոգևորությունը։ Այլևս երբեք», - նշել է վարչապետ Փաշինյանն իր ուղերձում։
Ֆեյսբուքյան իր գրառման մեջ կառավարության ղեկավարը նաև նշել է, որ բանաձևի ընդունումը «կարևոր քայլ է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և ցեղասպանությունների գլոբալ կանխարգելման գործում»:
Նախօրեին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատն ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող 296 բանաձևը։ Դրան կողմ է քվեարկել 405 կոնգրեսական, դեմ՝ 11, ձեռնպահ՝ 3։