Արցախի ԱԳՆ. ԱՄՆ բանաձևը կնպաստի տարածաշրջանում կայունության ապահովմանը
Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանը ներկա է եղել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունմանը: Նա իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ հայության համար բանաձևի ընդունումն ունի ոչ միայն բարոյական, այլև կիրառական նշանակություն. այն կնպաստի մեր տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովմանը:
«Այսօր ներկա եմ գտնվել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նիստերի դահլիճում Հայոց ցեղասպանությունը ճանաչող H.R. 296 բանաձևի քննարկմանը և պատմական որոշման ընդունմանը:
Քվեարկության ավարտից հետո հնարավորություն ունեցա երախտագիտություն հայտնել բանաձևի համահեղինակներ Ֆրենկ Փալոունին և Աննա Էշուին, ինչպես նաև շնորհավորել հայ համայնքի ներկայացուցիչներին», - ասվում է նախարարի գրառման մեջ։
Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը ողջունել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի ընդունումը․
«Ցեղասպանությունը վերապրած մեր հայրենակիցների մի քանի սերունդների համար երկար սպասված իրադարձություն էր Հայոց ցեղասպանությունը ճանաչող Ներկայացուցիչների պալատի թիվ 296 բանաձևը։ Բանաձև, որի հաջողության համար տարիներով հետևողական ջանքեր են ներդրվել ամերիկահայ համայնքի կողմից և ոչ միայն երեկ։ Աշխարհաքաղաքական շահերի դեմ չընկրկելու և նահանգ առ նահանգ առաջ գնալու մարտավարությունը չէր կարող չհաջողել։
Երկկուսակցական այս նախաձեռնությունը հստակ ուղերձ է աշխարհին, որ մարդկության դեմ իրականացված հանցագործությունների ճանաչումը վեր է քաղաքական շահարկումներից. դրանք պետք է դատապարտվեն՝ նոր ցեղասպանությունները կանխարգելելու համար։
Երախտագիտություն եմ հայտնում բանաձևի հեղինակ, հայ ժողովրդի լավագույն բարեկամ կոնգրեսական Ադամ Շիֆին, համահեղինակներին, արդարությանը կողմ քվեարկած բոլոր 405 կոնգրեսականներին՝ կեղծիքի և ժխտման դուռը փակելու և Հայոց ցեղասպանության մասին բարձրաձայնելու համար։
Շնորհակալություն եմ հայտնում նաև ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի և Ամերիկայի հայկական համագումարի պատասխանատուներին, հայ համայնքին՝ համախմբվելու և համահայկական օրակարգի հարցերն առաջ տանելու համար։ Միասին դեռ շատ անելիքներ ունենք», - ասվում է Ղուլյանի հայտարարության մեջ։