ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևից հետո պետք է սպասել նաև Սենատի քվեարկությանը և նախագահի կողմից բանաձևի հաստատմանը: Այս մասին ասել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտության գծով փոխտնօրեն Էդիտա Գզոյան՝ հավելելով, որ միայն այս գործընթացից հետո փաստաթուղթը իրավական ուժ կստանա: Այս մասին գրում է ՊանԱրմենիան-ը։

Գզոյանի խոսքով՝ առաջին անգամը չէ, որ ԱՄՆ-ն ճանաչում է Հայոց ցեղասպանությունը. նախագահ Ռեյգանը օգտագործել է «Հայոց ցեղասպանություն» եզրույթը, 1975 և1984թթ-ին ևս որոշումներ եղել են:

«Իհարկե, դրանք փոքր ինչ տարբեր էին՝ այնտեղ հիշատակվում էր մարդու կողմից մեկ այլ մարդու հանդեպ կատարված գործողությունները՝ առաջարկելով ապրիլի 24-ը համարել հիշատակի օր: Սակայն նոր բանաձևը կոնկրետ Հայոց ցեղասպանության մասին է և,կարևոր է, որ այն դիտարկվում է նաև կրթության ոլորտում: Բացի նրանից, որ կոչ է արվում ճանաչել ցեղասպանությունը, կրթության ոլորտում դիտարկելով՝ նաև հնարավորություն է տրվում հանրային իրազեկում և ուսուցում իրականացնել այս թեմայով»,- ասել է Գզոյանը:

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի փոխտնօրենի խոսքով, եթե բանաձևն ընդունվի վերջնականորեն, ապա ենթադրվում է, որ Հայոց ցեղասպանության թեմայի ուսուցումը կներառվի դասագրքերում: Գզոյանը նաև հիշեցրեց, որ Ներկայացուցիչների պալատը հոկտեմբերի 29-ին ընդունել է նաև Սիրիայի հարցով Թուրքիայի հանդեպ ճնշումներ գործադրելու մասին որոշում՝ նշելով, որ բացի քաղաքական կոնտեքստից, այստեղ կա նաև պատմական արդարության վերականգնման կոնտեքստ: