Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրին հայտարարել է իր հրաժարականի մասին՝ երկրում շուրջ երկու շաբաթ առաջ բռնկված լայնածավալ հակակառավարական ցույցերի արդյունքում:

«Ես արեցի հնարավոր ամեն ինչ՝ լուծում գտնելու համար, լսեցի մարդկանց կարծիքը, փորձեցի պաշտպանել երկիրը, նրա տնտեսությունն ու հասարակությունը: Այսօր ես փակուղու մեջ եմ: Ճգնաժամը հաղթահարելու համար անհրաժեշտ է շոկային թերապիա: Ես գնում եմ նախագահական պալատ՝ իմ հրաժարականը ներկայացնելու համար», - հայտարարել է Սաադ Հարիրին։

Կիրակի օրը երկրի հազարավոր քաղաքացիներ կազմակերպեցին կենդանի շղթա՝ շուրջ 170 կիլոմետր երկարությամբ, միմյանց ձեռք-ձեռք բռնելով, որով փորձեցին ցույց տալ, որ քաղաքացիները, անկախ կրոնական պատկանելիությունից, միասնական են։

Հիշեցնենք, որ Լիբանանում բողոքի ցույցերը սկսվեցին, երբ կառավարությունը որոշեց բարձրացնել WhatsApp-ի զանգերի հարկը, ինչից հետո մարդիկ սկսեցին պահանջել կառավարության հրաժարականն ու բարձրաձայնել տնտեսական ծանր վիճակից ու կոռուպցիայից։