Իսրայելի բոլոր դեսպանություններն ու հյուպատոսությունները դադարեցրել են իրենց աշխատանքը՝ կապված երկրի արտաքին գործերի նախարարության և երկրի ֆինանսների նախարարության միջև առաջացած կոնֆլիկտի հետ: Համապատասխան հայտարարությունն այսօր տեղադրվել է Իսրայելի արտաքին գործերի նախարարության պաշտոնական կայքում:

«Ֆինանսների նախարարության որոշման պայմաններում՝ խախտել համաձայնեցված և Ֆինանսների նախարարության գլխավոր տնօրենի կողմից 2019թ-ի հուլիսի 21-ին կնքված պայմանավորվածությունները և արտասահմանում ծառայող Իսրայելի պետության բանագնացներին պարտավորեցնել միակողմանիորեն կատարել նախկին հրահանգներին հակասող նոր հրահանգներ և խախտել մի քանի տասնամյակի գործող կարգը՝ մենք ստիպված ենք փակել մեր դիվանագիտական առաքելությունները», - ասվում է հայտարարության մեջ:

Նշվում է, որ դիվանագետների գործադուլի արդյունքում կդադարեցվի այցելուների մուտքը արտասահմանում գտնվող իսրայելական առաքելություններ, չեն մատուցվի նաև հյուպատոսական ծառայություններ:

Իսրայելի Արտաքին գործերի նախարարությունը հայտնել է, որ դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքային ընթացակարգը փոխելու որոշումը և դրանց ֆինանսավորման կարգը վնասակար են գերատեսչության և ամբողջ երկրի համար:

Գերատեսչությունը նշել է, որ Ֆինանսների նախարարությունը չի թողել դիվանագետներին այլ ընտրություն և հույս է հայտնել մոտ ապագայում հակասության լուծման ուղղությամբ: