Երևանի կենդանաբանական այգում շները հոշոտել են երեք կենգուրուների: Տեղեկությունը հաստատել է կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանը։

Նա նշել է, որ դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերի 31-ի առավոտյան: Միջին չափի երեք շուն հարձակվել են կենգուրուների վրա և կերել դրանց:

«Շները շատ մեծ չէին, բայց պահակները չէին հասցրել կանխել կատարվածը: Այս պահին շները մեզ մոտ են պահվում»,- ասել է նա: Այգու ղեկավարությունը դիմել է համապատասխան մարմիններին՝ շներին այնտեղից տանելու համար:

Նա հերքել է տեղեկությունը, որ այգու պահակը սատկացրել է կենգուրուների վրա հարձակված շներից մեկին:

Երևանի կենդանաբանական այգին պարզաբանում է տարածել մամուլում տարածված տեղեկությունների մասին, որ այս գիշեր շները հոշոտել են կենգուրուների:

«Հոկտեմբերի 31-ի լույս առավոտ, ժամը 05:00-ի սահմաններում Երևանի կենդանաբանական այգու տարածք են ներթափանցել թվով 5-6 թափառող շներից բաղկացած ոհմակ, ամենայն հավանականությամբ քաղաքի Նոր Նորք զանգվածից:Ոհմակի հարձակման արդյունքում գրանցվել է Երևանի կենդանաբանական այգում պահվող թվով 3 (երեք) կարմրավիզ կենգուրուների անկում, թեպետ շներից 3-ին հաջողվել է բռնել և առանձնացնել: Կենդանաբանական այգու անձնակազմը ահազանգել է Թափառող շների վնասազերծման կենտրոն ՀՈԱԿ՝ շներին ըստ ՀՀ օրենսդրության վնասազերծելու և տարածքից տեղափոխելու նպատակով:

Տեղում ժամանել են Երևանի կենդանաբանական այգու մասնագիտացված անձնակազմը՝ կենդանաբույժների և կենդանաբանների թիմը, սակայն կենգուրուներին հնարավոր չի եղել փրկել: Արու կենգուրուները ժամանել էին 2018թ. հունիսին՝ Մոլդովայի հանրապետությունից, Քիշնևի կենդանաբանական այգուց նվիրատվության սկզբունքներով և պատրաստվում էին միանալ Ամստերդամի կենդանաբանական այգուց 2019-ի դեկտեմբերին ժամանող էգերի խմբին՝ հետագա բազմացման նպատակով»,-ասվում է կենդանաբանական այգու պարզաբանման մեջ: