Ուկրաինայի Օդեսայի մարզի նախկին նահանգապետ և «Նոր ուժերի շարժման» առաջնորդ Միխայիլ Սահակաշվիլին դեկտեմբերի 5-ին ձերբակալվել է Կիևում: Հատուկ նշանակության ուժերը նրան իջեցրել են այն շենքի տանիքից, ուր նա բարձրացել էր՝ խույս տալով իրավապահ մարմինների աշխատակիցներից, որոնք եկել էին խուզարկելու նրա բնակարանը։

Ուկրաինայի անվտանգության ծառայության (ՈւԱԾ) «Ալֆա» հատուկ ստորաբաժանման աշխատակիցները դեկտեմբերի 5-ի առավոտյան ներխուժել են ընդդիմադիր գործչի բնակարան՝ կոտրելով դուռը: Իրավապահ մարմինների ներկայացուցիչները հայտարարել են, որ գործում են դատարանի որոշմանը համապատասխան: Ավելի ուշ ՈւԱԾ-ի տարածած պաշտոնական հայտարարության համաձայն, «իրավապահները փաստաբանի ներկայությամբ հանցագործություն կատարելու մեղադրանք են առաջադրել Սահակաշվիլիին»:

Մասնավորապես, նա մեղադրվել է Ուկրաինայի Քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի առաջին մասով՝ հանցավոր կազմակերպությունների մասնակիցներին օժանդակելու և նրանց գործունեությունը թաքցնելու համար: Այդ հոդվածով պատիժը Սահակաշվիլիին սպառնում է 3-5 տարվա ազատազրկմամբ: Ավելի վաղ Սահակաշվիլիի փաստաբաններից մեկը՝ Պավել Բոգոմազովը, լրագրողներին հայտնել էր, որ Սահակաշվիլին մեղադրվել է սահմանադրական կարգը խախտելու մեջ:

Ինչպես իրադարձությունների վայրից հայտնել է ՏԱՍՍ-ի թղթակիցը, Սահակաշվիլիին շենքից դուրս են բերել ձեռնաշղթայով: Սահակաշվիլիի կողմնակիցները փորձել են իրավապահ մարմինների աշխատակիցներին խանգարել նրան տեղափոխելու մեկուսարան Ավելի վաղ Ուկրաինայի գլխավոր դատախազությունը հաստատել է, որ իր աշխատակիցները խուզարկություն են անցկացնում Սահակաշվիլիի բնակարանում:

«Գլխավոր դտախազությունը հետաքննչական գործողություններ է անցկացնում Ուկրաինայի անվտանգության ծառայության աջակցությամբ»,-ասել է գլխավոր դատախազության մամուլի քարտուղար Լարիսա Սարգսյանը: Սակայն նրանց գործողությունների պատճառները չեն նշվել: