Այսօր «Մերիդիան» էքսպո-կենտրոնում կբացվի «Իմ Սարյանը» խորագրով համահայկական մանկապատանեկան նկարչական ցուցահանդեսը: Այս տարի մրցույթ-փառատոնը նվիրված է 20-րդ դարի հայ նկարչության արդի դպրոցի հիմնադիր Մարտիրոս Սարյանին: Մրցույթին կարող էին մասնակցել 16-18 տարեկան պատանիներ` Հայաստանից, Արցախից և սփյուռքից:

Մրցույթ-փառատոնի առաջին փուլում ներկայացվել է 2000-ից ավելի աշխատանք, որից ընտրվել է մոտ 800-ը՝ Հայաստանից, Արցախից և սփյուռքի 21 երկրից` ԱՄՆ, Ավստրալիա, Ավստրիա, Արգենտինա, Բելառուս, Գերմանիա, Եգիպտոս, Էստոնիա, Թուրքիա, Իրան, Լիբանան, Նիդեռլանդներ, Ղազախստան, Ռումինիա, Ռուսաստան, Սիրիա, Վրաստան, Ուզբեկստան, Ուկրաինա, Քուվեյթ, Ֆրանսիա: Երկրորդ փուլում արդեն ցուցադրված աշխատանքներից կընտրվեն հաղթողները: Ներկայացված աշխատանքներում ընդգրկված են գեղանկարներ, ապլիկացիաներ, գոբելեններ, բատիկա, կոլաժներ, խճանկարներ, կերամիկա, փայտե խորափորագրություն, կենդանի նկարներ, տեքստիլ պաննո, կվիլինգ:

«Իմ Սարյանը» ցուցահանդես-մրցույթին մասնակցում է նաև «Այբ» դպրոցից 11-րդ դասարանցի Սարգիս Սիմոնյանը: Panorama.am-ի հետ զրույցում Սարգիսն ասաց, որ շատ է սիրում Սարյանի գործերը, Սարյանի տեխնիկայով, գույներով աշխատելն իրեն ավելի է մոտիվացրել։

«Առաջին անգամ չէ, որ աշխատում եմ նկարի մեջ տեղավորել այլ հեղինակի աշխարհայացքն ու այլ հեղինակի տեխնիկան: Մինչ այս արդեն երկու նախագիծ ենք արել՝ փորձել եմ նկարել Պիկասոյի, Քոչարի ոճով»,- պատմեց Սարգիսը:

Նա նշեց, որ Սարյանի ոճով նկար անելու համար, բնականաբար, ավելի երկար ու ավելի ժամանակատար հետազոտություն էր պետք:

«Իմ ուսուցչուհի՝ նկարչուհի Մարի Ադամյանի աջակցությամբ, գրքերի ու ինտերնետի միջոցով հնարավորինս փորձեցի ծանոթանալ Սարյանին, նրա տեխնիկային, մի քանի նկար համադրելով՝ փորձեցի հասկանալ իր ընդհանուր ոճը ու տեղավորել այն իմ նկարում»,- ասաց Սարգիսը:

Նրա խոսքով, նկարը ստեղծելիս՝ այլ ոգեշնչման աղբյուր էլ ուներ. «Իրականում շատ արշավում եմ, շատ նկարներ, հիշողություններ ունեմ Հայաստանի տարբեր մարզերից: Ոգեշնչվել եմ այս դեպքում Սյունիքի լեռներից: Հիշելով, վերհիշելով ու համատեղելով Սարյանից վերցրած մի քանի դետալների հետ՝ ստեղծեցի այս բնապատկերը»:

Սարգիսն ասաց, որ այնքան էլ հեշտ չէր «Սարյանի տեխնիկայով» աշխատելը, սակայն փորձել է, կարծում է՝ ինչ-որ չափով ստացվել է ներկայացնել իր բնապատկերը հենց Սարյանի ոճով ու Սարյանի գույներով:

Սարգիսը որոշել է տնտեսագետ դառնալ, սակայն այն կարծիքին է, որ վերջիվերջո կյանքի ինչ- որ փուլում ինչ-որ մի ձևով կանդրադառնա նկարչությանը կամ գեղարվեստին:

«Արվեստը միշտ ինձ ուղղորդելու է, իմ կողքին է լինելու, չնայած լրիվ այլ ուղղությամբ եմ ուզում գնալ»,- ասաց Սարգիս Սիմոնյանը:

Մարի Ադամյանի ներկայացմամբ, Սարգիսն անչափ տաղանդավոր տղա է, բացի նկարելուց նաև լավ ձայն ունի, երգում է:

Ցուցահանդես-մրցույթը կազմակերպվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Հ. Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնի համատեղ նախաձեռնությամբ: Փառատոնի նպատակն է նպաստել մանկական ստեղծագործության զարգացմանը, առավել շնորհալի մանուկների հայտնաբերմանը, հայրենիքում և սփյուռքում հայեցի կրթությանն ու դաստիարակությանը: Նախատեսված է նաև տպագրել ցուցահանդեսի պատկերագիրքը: