Հովհաննես Թումանյանի թանգարանը փետրվարի 19-ին՝ Թումանյանի ծննդյան ու Գիրք նվիրելու օրվա կապակցությամբ, կրկին բազմաթիվ ծրագրեր ու միջոցառումներ է պատրաստել իր այցելուների համար:

Այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտնեց թանգարանի փոխտնօրեն Անի Եղիազարյանը: Տեղեկությունը փոխանցում է panorama-ն։

«150-ամյակի նախապատրաստական աշխատանքները սկսվել են դեռ նախորդ տարիներից, փետրվարի 19-ին կլինի տոնական թանգարանում, բայց ավելի թեթև քան նախորդ տարիներին, դա պայմանավորված է 150-ամյակի նախապատրաստական աշխատանքներով: Նախորդ տարիների պես, այս տարի էլ խառնաշփոթ անակնկալ կլինի թանգարանի փոքրիկ այեցուների համար, կլինեն ինտերակտիվ խաղեր, երեխաները միջոցառումների ակտիվ մասնակիցը կդառնան»,- նշեց Անի Եղիազարյանը:

Այս տարվա միջոցառումներից բանախոսն առանձանցրեց «Թումանյանը 20-րդ դարի լուսանկարիչների աչքերով» խորագիրը կրող ցուցադրությունը, որտեղ հիմնականում Ամենայն հայոց բանաստեղծի դիմանկարների բնօրինակներն են, որոնց մեջ կան նաև Թիֆլիսից բերված լուսանկարներ:

Հանդիպմանը ներկա Հայաստանի մշակութային հիմնադրամի տնօրեն Մանուկ Նիգոյանը հայտնեց, որ իրենց միջոցառումներն այս տարի աշխարհագրական առումով փոփոխությունների են ենթարկվել:

«Այս տարի գիրք նվիրելու օրվան նվիրված մեր միջոցառումները կանցկացնենք Արցախում: Ստեփանակերտում փետրվարի 19-ին Արցախի մշակույթի նախարարության հետ համատեղ կտեղադրենք գրքի բանկ: Փորձելու ենք արցախցիներին նույնպես վարակել և ներգրավել այս գեղեցիկ տոնին, որը տարեցտարի մեծացնում է իր մասշտաբները»,-ասաց Մանուկ Նիգոյանը:

«Ես զգում եմ Արցախի կառավարության կողմից գրքի տարածման վերաբերյալ հետաքրքրությունը, սա նշանակում է, որ մենք կարող ենք բաց գործունեություն ծավալել այնտեղ և հետաքրքրությունը մեծացնել: Բայց մի վատ և տխուր տենդենց կա՝ Արցախում գործարար համայնքը հետաքրքրված չէ այս ոլորտում իրենց աջակցությունն ունենալու հարցով, իսկ նախաձեռնություններ իրականացնելու համար դժվար է առանց ֆինանսական աջակիցների»,- հավելեց Հայաստանի մշակութային հիմնադրամի տնօրենը: