«Հայ կինոյի վերածնունդ» ՀԿ նախագահ Հայկ Բաբայանը կոչով դիմում է սրճարանների, ռեստորանների սեփականատերերին և բոլոր քաղաքացիներին․

«Վարդան Պետրոսյանի և Միքայել Պողոսյանի ներկայացումները և հատկապես վերջինիս «Երևան ջան» ֆիլմը տեսած ժողովրդին չես կարող զարմացնել, որ Երևանի «օբյեկտի» տերերից մեկը իր ռեստորանի դիմաց տեղադրել է Մհեր Մկրտչյանի «ռաբիս» արձանը խորովածի շամփուրները ձեռքին, որ հավանաբար երևի իրենց կարծիքով հաճախորդները ավելանան։

Նայելով այս խավարամիտ պատկերին ոչ բարկացա, ոչ էլ զարմացա պարզապես տխրեցի, շատ տխրեցի։ Ու այս տգիտությունը միայն այս ամենով չի սահմանափակվում, համացանցում շատ եմ հանդիպել էժանագին ֆեյսբուքյան էջերի, որտեղ գրված է ասենք հայկական հումոր, ուրախ ժամանց, Ժպիտների էջ, ծիծաղի էջ ու նման տխմարությունների էջերի գլխավոր նկարը, չգիտես թե ինչու՞ հիմնականում լինում է հենց Մհեր Մկրտչյանի նկարը։ Վաղն էլ կարո՞ղ է Սոս Սարգսյանի արձանը դնեք խաշանոցի դիմաց մի ձեռքին լավաշ իսկ մյուս ձեռքին օղու բաժակ, իսկ Խորեն Աբրահամյանին էլ տեղադրեք ասենք սրճարանի դիմաց ձեռքին սրճեփ։ Բարոյախրատական-ազգ-մշակութային-արժեհամակարագային բաներից խոսելը այլևս իմաստ չունի այս դեպքում։

Մեր ազգի հպարտություն Մհեր Մկրտչյանին շոու-բիզնես ու էժան առևտուր մի դարձրեք տղերք, մի՛ արեք տղերք, պարզապես մի՛ արեք։ Հուսով եմ արդեն տարվում են աշխատանքներ արձանը հեռացնելու և վերացնելու ուղղությամբ»։