Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը «ՀՀ 2020թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումների ժամանակ հայտնել է․

«Աշխատավարձի բարձրացում այս պահի դրությամբ չի եղել ու չի նախատեսվում, սակայն եղել է աշխատանքային պայմանների բարելավում՝ ապահովագրություն է տրամադրվել, աշխատանքային ծանրաբեռնվածության իջեցում է տեղի ունեցել»,- ասել է նախարարը՝ հավելելով, որ շտապօգնության բրիգադներում աշխատավարձը կախված է՝ ինչքան հերթապահությունների քանակից և անձի մասով դժվար է ասել: Գրում է Factor.am-ը:

Նախարարը, արձագանքելով դիտարկմանը, թե աշխատավարձերի բարձրացումն անհրաժեշտ է, որ շտապօգնության բժիշկները հիվանդի «ձեռքին չնայեն», ասել է, թե հիմա ավելի քիչ են նայում:

Թորոսյանը նշել է, որ ինքը կողմ է աշխատավարձերի բարձրացմանը, բայց հրատապ էր կանչերի սպասարկման խնդիրը, քանի որ մեքենաները պարզապես չէին հերիքում, ինչպես մարզերում, այնպես էլ Երևանում:

«Հիմա նման պատկեր չկա: Թե՛ Երևանում, թե՛ Հայաստանի բոլոր այն կետերում որտեղ իրապես անհրաժեշտ էր շտապօգնության բրիգադների ավելացում, մենք ավելացրել ենք, և հիմա հազվադեպ են դեպքերը, երբ ասում են՝ շտապօգնությունը կանչի մեջ էր, նորը կանչել չկարողացանք,- ասել է Թորոսյանը՝ նշելով, որ Երևանում և մարզերում ընդհանուր 30 մեքենա է ավելացվել: