Առանձնապես խոշոր չափի խարդախության մեջ մեղադրվող Շիրակի պետական համալսարանի նախկին պրոռեկտոր Անահիտ Ֆարմանյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Այս մասին հայտնում է Հատուկ քննչական ծառայությունը:

Ըստ ՀՔԾ-ի` Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու համար որպես մեղադրյալ ներգրավված Անահիտ Ֆարմանյանը նախաքննության ընթացքում խուսափել է ներկայանալ վարույթն իրականացնող մարմին, ինչպես նաև չի հայտնել չներկայանալու հարգելի պատճառների մասին, իսկ նրա անձնական երաշխավորությունն ստանձնած ԱԺ պատգամավորներ Էդմոն Մարուքյանն ու Նաիրա Զոհրաբյանը հայտնել են, որ Անահիտ Ֆարմանյանի գտնվելու վայրի վերաբերյալ որևէ տեղեկություն չունեն և չեն կարող ապահովել նրա ներկայանալը Հատուկ քննչական ծառայություն:

Հաշվի առնելով վերը նշված հանգամանքները` 31.10.2019թ.-ին Անահիտ Ֆարմանյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Նույն օրը Ա. Ֆարմանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց անձնական երաշխավորությունը վերացվել է, և 01.11.2019թ.-ին ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել դատարան` Ա. Ֆարմանյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար:

Նախաքննությունը շարունակվում է: