Երևանի Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում այսօր բացվել է ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ, աշխարհի ռեկորդակիր, 1980թ-ի օլիմպիական չեմպիոն Յուրի Վարդանյանի մահարձանը: Աշխարհահռչակ ծանրորդը մահացել է մեկ տարի առաջ՝ 2018թ-ի նոյեմբերի 2-ին:

Մահարձանի բացմանը ներկա էին Յ. Վարդանյանի ընկերները, հարազատները, մարզական աշխարհի ներկայացուցիչները: Արձանը ստեղծել է քանդակագործ Դավիթ Մինասյանը: Լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ բրոնզե կիսանդրին ստեղծել է 2-3 ամսում, այդ ընթացքում հաճախ հանդիպել է ընտանիքի անդամների հետ:

ՀՀ կրթության,գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Գևորգ Լոռեցյանն ասել է․

«Նրա ավանդը, ներդրումը մեծ է եղել հայկական ծանրամարտի զրագացման գործում: Յուրի Վարդանյանը համաշխարհային անունն է, ոչ միայն հայերինս է, այլ ողջ աշխարհինն է»։

Յուրի Նորայրի Վարդանյան ծնվել է 1956թ. հունիսի 13-ին Գյումրիում։ 1977թ-ին ստացել է ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետի կոչում։ 1980թ-ին ավարտել է Լենինականի Մանկավարժական Ինստիտուտը։ 1977-1979, 1980-1981, 1983, 1985թթ-ին նա դարձել է աշխարհի չեմպիոն և գավաթակիր։ 1980թ-ին օլիմպիական չեմպիոն։ 1977-1978, 1980-1981, 1983թթ-ին Եվրոպայի չեմպիոն և գավաթակիր։ 1977, 1979, 1981թթ-ին ԽՍՀՄ չեմպիոն և 1976թ-ին գավաթակիր։

1978-1981թթ-ին ճանաչվել է աշխարհի լավագույն ծանրորդ։ 1985թ-ին սահմանել աշխարհի 43 ռեկորդ։ 1980թ-ին միջին քաշում առաջինը, երկամարտի ցուցանիշը հասցրել է 400 կգ-ի։ 1980թ-ին Մոսկովյան օլիմպիադայում արժանացել է «ոսկե կիլոգրամներ» մրցանակին (անձնական քաշից առավելագույն ծանրություն հաղթահարելու համար)։ 1985թ-ին տարբեր մրցումներում նվաճել է 111 ոսկե մեդալ։

1970թ-ից իր հորղեղբոր` Սերգեյ Վարդանյանի ղեկավարությամբ Յուրի Վարդանյանը լրջորեն սկսում է զբաղվել ծանրամարտով։ 1975-1976թթ-ին դարձել է աշխարհի և Եվրոպայի պատանեկան չեմպիոն 75 կգ քաշային կարգում։ 1977 թվից ԽՍՀՄ ազգային հավաքականի անդամ էր։

1980թ-ին իր առաջին խոշոր նվաճմանը Յուրի Վարդանյանը հասավ Մոսկվայի օլիմպիական խաղերի ժամանակ։ Հանդես գալով 82,5 կգ քաշային կարգում՝ նա նվաճեց ոսկե մեդալ և սահմանեց ռեկորդ` միջին քաշային կարգում բարձրացնելով 400 կգ։

Հաջորդ տարիների ընթացքում Յուրի Վարդանյանը շարունակում էր մնալ իր քաշային կարգում անգերազանցելի։ 1985 թվականին Յուրի Վարդանյանը հաղթեց աշխարհի առաջնությանը։ Նույն թվին նա ընտրվել է Հայկական ԽՍՀ-ի գերագույն խորհրդի անդամ և սկսել զբաղվել քաղաքական գործունեությամբ։

1991թ-ին մեկնել է ԱՄՆ, որտեղ էլ բնակություն է հաստատել։ Այնտեղ ակտիվ զբաղվել է մարզչական և հասարականան գործունեությամբ։ Նա մարզել է իր տղային` Նորայր Վարդանյանին, որը 2008թ-ին դարձել է ծանրամարտի ԱՄՆ-ի չեմպիոն 94 կգ քաշային կարգում։

2009թ-ին նշանակվել է Հայաստանի նախագահի խորհրդական։ 2013թ-ի մայիսի 8-ին ազատվել է ՀՀ Նախագահի խորհրդականի պաշտոնից և նշանակվել ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար։

2014թ-ի հունիսի 24-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել էր Վրաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան։ Այդ պաշտոնում աշխատեց մինչև 2017թ-ի նոյեմբերը։