2019-ը հրդեհների քանակով աննախադեպ էր: Այդ մասին ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը հայտարարել է ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում՝ հավելելով, որ արդեն մի քանի օր է, ինչ անձրևներով պայմանավորված, հրդեհներ համարյա չկան:

Անդրադառնալով տեխնիկական վերազինման խնդրին՝ նախարարը հայտնել է, որ նոր ուղղաթիռ է գնվելու:

«Որպեսզի ծախսը քիչ լինի, հարցը լուծելու ենք ՊՆ-ի հետ համատեղ։ Նոր ուղղաթիռների մասին է խոսքը», - ասել է նախարարը։

«2019թ-ը հրդեհների քանակով աննախադեպ էր։ Այլ տարիների համեմատ՝ մոտ 3 հազար հրդեհ ավելի ենք ունեցել։ Պետք է պատրաստվենք եկող տարվա հրդեհներին։ Բայց տեխնիկական վերազինման խնդիր ունենք։ Այս տարի մոտ 260 միլիոնի ձեռքի գործիքներ առանք, որը չունեինք։ Սպասում ենք նոր խմբաքանակի՝ ռուսական և ճապոնական ուղղություններից։

Ցոլակյանը հավելել է նաև, որ նախարարությունը ստանալու է ճապոնական 21 և ռուսական 26 մեքենա։

«Եթե դրանք ժամանակին գան, բավականին ապահովված կլինենք», - ասել է նա: