Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը Ազգային ժողովում բյուջեի քննարկումներից հետո լրագրողների հետ զրույցում ասել է․

«Պաշտպանության նախարարության այսօրվա բյուջեն բավարար է բոլոր մարտահրավերներին պատշաճ արձագանքելու համար»:

Խոսելով սահմանային իրավիճակի մասին` նախարարը նշել է, որ եղել է կարճաժամկետ լարվածություն, ինչը կարգավորվել է, իսկ ինչ վերաբերում է արցախյան հարցի շուրջ 3 ժողովուրդների համար ընդունելի տարբերակին, Դավիթ Տոնոյանը ևս կողմ է այս մոտեցմանը, հայտնում է Shantnews.am-ը:

«Այլ տարբերակի դեպքում, երբ որևէ կողմը դժգոհ մնա, նշանակում է նույն լարվածության շարունակություն ու նույն ռազմական գործողությունների վերսկսման հավանականություն, այլ տարբերակ չկա»,- ասել է նախարարը:

Լրագրողի այն դիտարկմանը, որ բանակցային գործընթացում ռեալ տեղաշարժ չկա, նախարարը չի համաձայնել:

«Շատ պրոֆեսիոնալ կերպով բանակցություններ են իրականացվում, մեր դիվանագիտական ծառայությունը և արտաքին գործերի նախարարը շատ հետաքրքիր գործընթացի մեջ են գտնվում»,- նշել է Տոնոյանը` այլ մանրամասներ չցանկանալով ներկայացնել:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 2020թ-ի ՀՀ պետական բյուջեի նախագծի համաձայն, երկրի ռազմական պաշտպանությանը պլանավորվում է տրամադրել մոտ 301․2 մլրդ դրամ կամ շուրջ $625 մլն ընթացիկ տարվա միջին փոխարժեքով, ինչը համարժեք է 2019թ-ի հատկացմանը: Ավելացում չի նախատեսվում: