ՀԾԿՀ նախագահ Գարեգին Բաղրամյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ ջրի գինը չի բարձրանա:

«Վեոլիա ջրի» մասով մոնիթորինգն արդեն ավարտվել է, ամսի 7-ին կամփոփվի, հանրային քննարկում կիրականացվի և հանրությանը կներկայացվեն արդյունքները: Ելնելով եղած ցուցանիշներից` կարող եմ ասել, որ ջրի գործող սակագինը կվերահաստատվի, ջրի գինը չի բարձրացվի»,- ասել է նա, հայտնում է Shantnews.am-ը:

Գազի սակագնի փոփոխության վերաբերյալ, ըստ նրա, դեռ նորություն չկա, իսկ էլեկտրաէներգիայի մասով առաջիկա 10-15 օրվա ընթացքում, երբ կճշտվի 2021թ. էլեկտրաէներգիայի պահանջարկի և արտադրության հաշվեկշիռը, ավելի առարկայական հնարավոր կլինի խոսել:

Ինչ վերաբերում է ձմռանը գազի սակագնի հնարավոր բարձրացմանը, Գարեգին Բաղրամյանը նշել է, որ ընթացակարգային առումով դա հնարավոր չէ:

«Հունվարի 1-ից գազի գինը չի բարձրանա, որովհետև եթե անգամ գնի բարձրացման կամ սակագնի վերնայման հայտ է ներկայացվում, գոյություն ունի հայտի ուսումնասիրության ժամկետ, և որոշում է կայացվում, որը ուժի մեջ է մտնում 30 օր հետո, այսինքն` հունվարի 1-ից չի կարող բարձրանալ»,- ասել է Բաղրամյանը:

Գարեգին Բաղրամյանը նաև նշել է, որ բաշխիչ ցանցերի արդիականացման ծրագիրը նախատեսվում է ավարտին հասցնել մինչև 2026թ-ը: