Վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Այսօր Շրջակա Միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանի հետ քննարկել ենք Նորք Մարաշ վարչական շրջանի և Սարի Թաղի հատման կետում գտնվող ամայի տարածքների անտառապատման հնարավորությունները։

Բոլորդ հավանաբար տեղյակ եք, որ մինչ 90-ականներ այս տեղում սաղարթախիտ անտառ էր, որն էլ երևանցիները կոչում էին «Երևանի Թոքեր»։ Եվ ահա, ուրախ եմ արձանագրել, որ «Երևանի Թոքեր»-ի վերականգնման աշխատանքները շուտով կսկսվեն։

Ըստ պայմանավորվածության՝ այսօր շրջանառության մեջ կդրվի սույն նախագծի նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման համար նախարարությանը գումար հատկացնելու մասին կառավարության որոշման նախագիծ, որով կգնահատվեն տվյալ տարածքում կաթիլային համակարգի ներդրման հնարավորությունն ու դրա ֆինանսական գնահատականը։

Ի դեպ, այս որոշումը պետք է դիտարկել, որպես ՀՀ վարչապետի կողմից հայտարարված 2020 թ.-ին 10 միլիոն ծառերի տնկման ծրագրի մաս»։