Իրականացնելով բուժում ՀՀ-ում չհավաստագրված դեղորայքով՝ բուժաշխատողը նպաստել է սեփական ընտանիքի բիզնես շահերին՝ քաղաքացու առողջական վիճակը բարելավելու փոխարեն: Այս մասին հայտնում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի մամուլի բաժինը:

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն, որի հիման վրա 2019թ-ի հոկտեմբերի 18-ին ՀՀ ոստիկանության Վանաձորի Տարոնի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հետևանքով՝ քաղաքացու առողջությանը վնաս հասցնելու համար:

«2019թ-ի սեպտեմբերի 25-ին իր ոտնահարված իրավունքները պաշտպանելու նպատակով Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ դիմած Բ. Կ.-ն հայտնել է, որ 2018թ-ի ամռանն իր մոտ քաղցկեղ է ախտորոշվել և այդ ժամանակվանից սկսել է բուժվել «Վանաձոր» բժշկական կենտրոնում՝ բժիշկ-քիմիաթերապևտ, ուռուցքաբան Ն. Ք.-ի անմիջական հսկողությամբ։ Մինչ օրս անցել է բուժման 8 կուրս, 2018թ-ի դեկտեմբերին՝ նաև վիրահատվել։ Բժշկուհի Ն. Ք.-ը նրան նշանակել է դեղեր և դրանք գնելու համար ուղղորդել Վանաձորի նախկին բժշկական կենտրոնի տարածքում գտնվող իր ամուսնու դեղատուն։ Ի թիվս այլ դեղերի՝ բուժման 8 կուրսի համար Բ. Կ.-ը Ն. Ք.-ի ամուսնու դեղատնից գնել է 8 հատ «Ավաստին» դեղատեսակ՝ յուրաքանչյուրը՝ 800 դոլարով:

Բուժման ողջ ընթացքում, վերոնշյալ դեղի վրա ծախսելով բավական պատկառելի՝ ընդհանուր առմամբ 6400 դոլար գումար և չնկատելով դրական փոփոխություն իր առողջական վիճակում, 72-ամյա թոշակառուն բժշկուհի Ն. Ք.-ից հետաքրքրվում է իր նշանակած դեղերի որակով ու արդյունավետությամբ։ Նա բժշկուհուն հայտնում է, որ տեղեկություն ունի, որ իր ամուսնու դեղատնից ամիսներ շարունակ ձեռք բերված «Ավաստին»-ը ՀՀ-ում հավաստագրված չէ, հաստատված չէ ՀՀ առողջապահության նախարարության կողմից և փաստացի գտնվում է անօրինական շրջանառության մեջ: Բժշկուհի Ն. Ք.-ը չի հերքում այդ տեղեկությունը: Իր խոսքերի իրավացիությունը հետագայում ապացուցելու և իրավունքները պաշտպանելու նպատակով Բ. Կ.-ը որոշում է ձայնագրել իր և բժշկուհու խոսակցությունը։

Ձայնագրությունից պարզ է դառնում, որ բժշկուհի Ն. Ք.-ը քաղաքացուն պարզաբանում է, որ դեղը չունի գրանցման հավաստագիր, որովհետև հարկային դաշտ մտնելու պարագայում քաղաքացիները, այդ թվում և` ինքը, ստիպված էին լինելու այն ձեռք բերել շատ ավելի թանկ գնով։ Ինչ մնում է դեղի որակին և արդյունավետությանը, Ք.-ը Կ.-ին փորձում է հանգստացնել՝ որպես երաշխիք մատնացույց անելով իր մասնագիտական երկարատև փորձն ու հեղինակությունը, վստահեցնելով, որ բազմաթիվ այցելուների է նշանակել «Ավաստին» դեղատեսակը, և այն դեռևս չի հանգեցրել մահվան ելքով որևէ դեպքի։ Քաղաքացի Բ. Կ.-ի հարցադրմանը, թե ինչու մինչև բուժումը, դեղերի արժեքից բացի, բժշկուհին իրեն չի մանրամասնել դրանց արղյունավետությունը, որպեսզի ինքն ունենար ընտրության հնարավորություն՝ ցանկանու՞մ է բուժվել չհավաստագրված թանկարժեք դեղորայքով, թե՞ ոչ, բժշկուհի Ք-ը պատասխանել է, որ որպես բժիշկ, իր պարտքն է համարել կազմակերպելու Բ. Կ.-ի բուժումը: Բուժման ռիսկերի մասին տեղեկացնելու պարագայում չէր բացառվում, որ նա հրաժարվեր բուժումից։

Ավելի քան պարզ է դառնում, որ բժշկուհի Ք.-ը սեփական ընտանիքի բիզնես շահը վեր է դասել քաղաքացու կյանքից ու առողջությունից, բարեխիղճ բուժում ապահովելու փոխարեն՝ նախընտրել ապահովել ամուսնու դեղատան մշտական եկամուտը՝ ապօրինի ներկրված դեղերի վաճառքի հաշվին։ Ծանրութեթև անելով այս ամենը՝ իր սոցիալական ծանր վիճակի հետ անհամատեղելի մեծ ծախսերը, առողջության վերականգնման հարցում բարելավող տեղաշարժ չլինելն ու բժշկուհու կողմից բուժման հետագա ընթացքի մասին դրական երաշխիքներ չստանալը, Բ. Կ.-ը սկսում է կասկածել իր բուժման արղյունավետությանն ու թանկարժեք դեղերի օգտակարությանը։

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի հաղորդման հիման վրա հարուցված այս քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք են բերվել ուշագրավ այլ տվյալներ ևս. մասնավորապես՝ նախաքննությանը հայտնի է դարձել, որ 2018թ-ի ամռանից մինչև 2019-ի գարուն ընկած ժամանակահատվածում «Վանաձոր» ԲԿ ուռուցքաբանական բաժանմունքի կաբինետային բուժքույր Ա. Ք.-ը, Բ. Կ․-ին առաջարկել է քիմիաթերապիայի 8 կուրսերի դիմաց Ն. Ք.-ին տալ կաշառք: Բ. Կ.-ը համաձայնել է և անձամբ Ն. Ք.-ին իր աշխատասենյակում 8 անգամ տվել 15.000-ական դրամ գումար՝ յուրաքանչյուր կուրսի դիմաց:

Պակաս կարևոր չէ այն հանգամանքը, որ «Դեղերի մասին» ՀՀ օրենքի 16-րդ հողվածի համաձայն՝ ՀՀ-ում թույլատրվում է արտադրել, ներմուծել, բաշխել, բաց թողնել, իրացնել և կիրառել այն դեղերը, որոնք գրանցված են ՀՀ-ում։ Օրենքը հստակ սահմանում է նաև, որ գրանցման ժամանակ հաստատվում են դեղի առաջնային և (կամ) արտաքին փաթեթը, պիտակը, մակնիշը (այղ թվում՝ գունավոր պատկերների տեսքով), բժշկական կիրառման հրահանգը (դեղի ընղհանուր բնութագիրը), օգտագործման հրահանգը (ներդիր-թերթիկը) և որակի հատկորոշիչները (սպեցիֆիկացիաները)։ Նույն օրենքի 23-րդ հողվածն էլ սահմանում է, որ արգելվում է ՀՀ-ում չգրանցված կամ որակի պահանջներին չհամապատասխանող կամ պիտանիության ժամկետն անցած կամ գրանցումն ուժը կորցրած ճանաչված կամ գրանցումը կասեցված կամ շրջանառությունը դադարեցված դեղերի իրացումը։

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակն արձանագրում է, որ այս պարագայում ՀՀ-ում չգրանցված, անհայտ ծագման դեղի շրջանառությամբ զբաղվողն ու այն առողջական խնդիրներ ունեցող անձանց նշանակողը ոչ թե պատահական մեկն է, այլ մարդ, ով ստանձնել է պահպանել քաղաքացիների կյանքն ու առողջությունը, տվյալ դեպքում ՝ բժշկուհի Ն. Ք.-ն: Ստացվում է, որ նա իր մասնագիտությունն ու կոչումն ակնհայտորեն ծառայեցրել է բացառապես իր ընտանիքի բիզնես շահերի ապահովմանը՝ իրականացնելով իր մասնագիտությանը հակասող, քրեորեն հետապնդելի, հակաօրինական արարք», - նշված է հաղորդագրության մեջ։