Հայաստանն 8-րդ տեղն է զբաղեցրել աշխարհում առցանց ազատության մակարդակով: Հայաստանը բարելավել է դիրքը Freedom House իրավապաշտպան կազմակերպության Freedom on the Net 2019 զեկույցում, որը վերաբերում է առցանց ազատության գնահատմանը մոտ 65 երկրում իրականացված հետազոտության հիման վրա:

2019թ-ի «ազատության» վարկանիշում Հայաստանը ստացել է 76 միավոր 100 հնարավորից համացանցի ազատության գլոբալ վարկանիշում՝ որքան մեծ է թիվը, այնքան լավ ցուցանիշ ունի երկիրը: Փաստացի Հայաստանը 8-րդն է այդ վարկանիշում:

Հայաստանը բարելավել է դիրքը 2018թ-ի համեմատ, երբ ճանաչվել էր մասնակիորեն ազատ համացանցով երկիր:

Ըստ «Ազատությունը համացանցում» զեկույցի, դրական փոփոխությունները, կապված 2018թ-ին ՀՀ-ում տեղի ունեցած թավշյա հեղափոխության հետ, շարունակվեցին, երբ «բարեփոխիչ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կրճատեց բովանդակության սահմանափակումներն ու օգտատերերի իրավունքների խախտումները»:

Մասնավորապես, զեկույցում նշվում է, որ «կրճատվել է բռնությունը համացանցի լրագրողների նկատմամբ, իսկ թվային լրատվամիջոցները ավելի մեծ ազատություն են ստացել՝ տնտեսական և քաղաքական ճնշումներից»:

«2018-ի իրադարձությունները ՀՀ-ում մեկ անգամ ևս փաստեցին, որ թվային տեխնոլոգիաները կարող են լուրջ ժողովրդավարական փոփոխությունների խթան դառնալ: Քաղաքացիներն արդյունավետ են օգտագործել սոցիալական ցանցերը», - ասվում է զեկույցում:

Freedom House-ի 2018-ի զեկույցում ասվում էր, որ «առցանց լրագրողները ֆիզիկական հետապնդումների և հարձակումների են ենթարկվել Երևանում թավշյա հեղափոխության ժամանակ բողոքի ցույցերի ուղիղ հեռարձակման համար»: