Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, մեկնարկել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով հերթական նիստը։

Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբի անդամներից Հայկ Ալումյանը հայտարարել է, թե միջնորդություն ունի, որը վերաբերում է խափանման միջոցին։ Պաշտպանական խումբը միջնորդել է գրավով ազատ արձակել Ռոբերտ Քոչարյանին, հայտնում է Aysor.am-ը:

Սահմանադրական դատարանում Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանն ասել է, որ անձի անձնական ազատության իրավունքը չի կարող ստորադասվել որևէ այլ իրավունքի։

Արամ Վարդևանյանն ասել է, թե միջնորդում են գրավի կիրառումը ճանաչել թույլատրելի ու որոշում կայացնել Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխարինել գրավով՝ սահմանելով գրավի ողջամիտ չափ։

Մեղադրող դատախազը, սակայն, հայտարարել է, թե դատախազությունը շարունակում է պնդել, որ առկա է քննությանը խոչընդոտելու ու վարույթն իրականացնող մարմնից թաքնվելու ռիսկը։