Լեոնիդ Կալաշնիկով. Բաքուն անհանգստանում է, որ Երևանին նորագույն զինատեսակներ ենք վաճառում
ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովը Երևանում լրագրողների հետ զրույցում անդրադարձել է ՌԴ կողմից Ադրբեջանին զենքի վաճառքին: Նա նշել է՝ այստեղ անհանգստանալու կամ նեղանալու կարիք չկա:
Արձագանքելով դիտարկմանը, թե Հայաստանին անհանգստացնում է, որ Ռուսաստանը զենք է վաճառում Ադրբեջանին՝ նա պատասխանել է.
«Իհարկե, անհանգստացնում է, այնպես, ինչպես Ադրբեջանին անհանգստացնում է, որ մենք Հայաստանին նորագույն զինատեսակներ ենք վաճառում»,- հայտնում է Shantnews.am-ը:
Նա հավելել է, որ դրա համար գոյություն ունեն երկրների ղեկավարներ, թող իրենք էլ մտածեն, իրենց «գլուխը թող շարունակի ցավել»:
«Հայաստանին մատակարարվել է այնպիսի սպառազինություն, ինչպիսին նախկինում երբեք չի մատակարարվել: Այնպես որ, հատկապես Ռուսաստանից Հայաստանին զենք չմատակարարելու համար նեղանալը մեղք է: Այս հարցն այստեղ՝ ՀԱՊԿ-ի խորհրդարանական ասամբլեայում չի քննարկվել, քանի որ խորհրդարանական ասամբլեայի իրավասությունների մեջ չի մտնում, բայց կան հարթակներ, որոնցում քննարկվել և քննարկվում են»,- ասել է նա:
Կալաշնիկովը նշել է՝ Ռուսաստանը զենք է վաճառում ոչ միայն Ադրբեջանին, այլ նաև իր դաշնակիցներին, գործընկերներին: Ըստ նրա, դաշնակիցներին, որոնց թվում է նաև Հայաստանը, վաճառում է անհամեմատ ավելի, այնպիսի զենք, որ ուրիշ երկրների չի վաճառում: