Նոյեմբերի 1-ն Ախալցխայում տոն էր, բացվել է «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի (ՋԱՀ) Վրաստանի ներկայացուցչության 2-րդ գրասենյակը և Ջավախքում 4-րդ «ԱրՄաթ» ինժեներական լաբորատորիան: Այսուհետ ախալցխացի փոքրիկները ևս հնարավորություն կունենան գեղեցիկ կահավորված և ժամանակակից տեխնիկական միջոցներով հագեցած կրթական միջավայրում ծանոթանալ տեղեկատվական տեխնոլոգիաներին, ինժեներիային և մաթեմաթիկային։ Իսկ ՋԱՀ-ի գրասենյակի տարածքում ջավախքցի երեխաների համար կանցկացվեն նաև անգլերենի դասընթացներ։

Ախալցխայում «ԱրՄաթ» ինժեներական լաբորատորիայի հիմնման ծրագիրը ֆինանսավորել է «Հրայր և Աննա Հովնանյան» հիմնադրամը: «Արմաթ»-ների հիմնման ծրագիրը Ջավախքում իրականացվում է «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի Վրաստանի ներկայացուցչությունը «Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության» հետ համագործակցությամբ:

Բացման արարողությանը մասնակցում էին բազմաթիվ հյուրեր Հայաստանից և Վրաստանից: Ներկա էին ՋԱՀ-ի և ԱՏՁՄ պատվիրակությունը, «Իմ քայլը» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների մի խումբ պատգամավորներ, տեղական իշխանությունների և հոգևոր դասի ներկայացուցիչներ, գործարարներ, հասարակական ու մշակութային գործիչներ։

Բացման արարողությունը շարունակվեց մշակութային մասով։

Միջոցառման հյուրերին իրենց աշխատանքները ներկայացրեցին Ջավախքի «ԱրՄաթ» լաբորատորիաների սաները: