Զորակոչիկ Մ. Հ.-ն «Կեռատոկոնուս» ախտորոշմամբ 2017 թ․ հունվարի 26-ին ստացել է տարկետում 5 ամիս ժամկետով՝ բուժման նպատակով, որն այդ ամիսների ընթացքում չի իրականացվել: Առանց որևէ բուժում ստանալու, ինչպես նաև տեսողության սրացման վատացմամբ՝ հաջորդ զորակոչին՝ 2017 թ. հունիսի 14-ին, զորակոչիկը Կենտրոնական բժշկական հանձնաժողովի կողմից ճանաչվել է պիտանի զինվորական ծառայությանը՝ սահմանափակումով, որի հետ համաձայն չի եղել:

Զորակոչիկի բժշկական փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքում ՀՔԱ Վանաձորի գրասենյակը թերություններ է գտել իրականացված հետազոտություններում և դրանց արդյունքում տրված եզրակացություններում: Մ. Հ.-ն հրաժարվել է զորակոչվելուց, որի հետևանքով հարուցված քրեական գործի շրջանակներում 01.11.2017 թ․-ին նշանակվել է դատաբժշկական և ռազմաբժշկական համալիր փորձաքննություն:

Համաձայն այդ փորձաքննության՝ Մ. Հ.-ի առողջական վիճակի հետազոտությունների ընթացքում տեղ են գտել որոշակի տարբերություններ ստացիոնարներում կայացված ախտորոշումների միջև, մասնավորապես՝ հետազոտություն իրականացրած բժշկական մի հաստատության կողմից տրված տեսողական խնդրի աստիճանը էապես տարբերվել է մյուս բժշկական հաստատությունում իրականացված հետազոտության տվյալներից, որը դատաբժշկական փորձաքննության գնահատմամբ կարող է պայմանավորված լինել սուբյեկտիվ գործոններով (կիրառվող տարբեր գործիքային հետազոտությունները):

Մ. Հ.-ի առողջական վիճակի հետազոտության տվյալների հիման վրա փորձագետները եզրակացրել են, որ զորակոչիկը կարիք ունի տարկետման՝ դիտարկման նպատակով՝ ԿԲՀ-ում հետագա փորձաքննություններով:

31.01.2018 թ․-ին զորակոչիկը կրկին ներկայացվել է ԿԲՀ նիստին, որի արդյունքում այս անգամ նրան տրվել է տարկետում 5 ամիս ժամկետով՝ բուժման նպատակով: