Գերմանիայում ապրող ասորիները Գիսեն քաղաքի մերձակայքում` Փոլհայմում հուշարձան են տեղադրել ի հիշատակ` 1915թ. Օսմանյան կայսրությունում ասորիների դեմ իրականացված ցեղասպանության: Այս մասին գրում է Էրմենիհաբեր-ը։

Քաղաքային խորհուրդը Վեցնբորգ-Շտայնբերգի կանաչապատ տարածքում, որտեղ գտնվում է նաև Շրթուսի եկեղեցին 2017թ. միաձայն որոշում էր կայացրել ցեղասպանության հուշարձան կանգնեցնել:

Գիսենի քաղաքապետ Ուդու Շյոֆմանը հանդես է եկել ելույթով:

«Այսօր շատ կարևոր օր է: Այս հուշարձանը կանգնեցնում ենք, որպեսզի նման դեպքերը այլևս չկրկնվեն: Խոնարհվում ենք այդ ժամանակաշրջանում բոլոր զոհվածների հիշատակին: Բոլորին հաշտության կոչ ենք անում»,- ասել է քաղաքապետը: