Աղքատ երկրում, որտեղ 2,5-ից 3 մլն մարդուց 1 մլն-ը աղքատ է, ձեր ասած դասագրքային ճշմարտությունները փորձարկման նման են, չի կարելի փորձարկել:

ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում «Ելք» խմբակցության հեղինակած «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկմանը հայտարարեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը՝ դիմելով Ֆինանսների փոխնախարար Դավիթ Անանյանին:

«Դուք չեք վարում բալանսավորված քաղաքականություն. ոչ թե քաղաքացու համար է այն, այլ քաղաքացու հաշվին: Ասում եք` դու մնա աղքատ, խնդիր չունեմ` արտագաղթելու ես, թե ինչ, ես իմ էքսպերիմենտն անելու եմ»,- ասաց նա:

Մելքումյանը նշեց, որ փոխնախարարը հարց է ուղղում նախագծի հեղինակներին, թե առաջարկում են եկամտային հարկի նախկին՝ մինչև հունվարի մեկը եղած չափը սահմանել, այսինքն՝ 35-40 մլրդ չհարկել, պահել քաղաքացու գրպանում, մինչդեռ չեն նշում, թե այդ գումարները որտեղից վերցնեն:

«2017թ-ին ինչքան էր տնտեսական աճ կանխատեսվում՝ 3,2%, իսկ ինչքա՞ն ապահովվեց՝ 6,5%, այսինքն՝ շուրջ երեք տոկոս ավելի: Հիմա ուղղակի հարց եմ տալիս, 1% ավելի աճը բյուջեով նախատեսվածից, ինչքա՞ն է բերում, նվազագույնը 12 մլրդի կարգի: Հիմա 3%-ից ավել աճ եք նախատեսել, բա չբերենք լրացուցիչ սպառողական պահանջարկ ձևավորենք: Հիմա Աստված տա 2018 թ․-ին 7% ունենանք, բայց ավել մուտքերը բերեք, դնեք, փոխհատուցենք: Եթե հավատում եք քաղաքականությանը, որ հաջողություն կունենաք, բերեք դրեք»,-ասաց նա:

Ավելին՝ ըստ Մելքումյանի՝ իրենց առաջարկած շուրջ 33 մլրդը դեռ բյուջեից դուրս եկող գումարը չէ: «Լուսնից չենք ընկել, մարդուն որ փող եք տալիս՝ 10 000 դրամ, այդ գումարը մարդը չի խնայելու, գնալու է դեղ առնի, հաց առնի, այդ լրացուցիչ պահանջարկը գնահատել եք ինչքան է՝ երեք, չորս ամսում հարկերով գալու է բյուջեն լցնի: Չե՞ք կարծում, որ Ձեր հարցադրումները շատ տարօրինակ են, ունենալով 6,5% աճ՝ զուգահեռ գնում եք հարկային բեռի կտրուկ ավելացման»,-ասաց նա:

Փոխնախարար Անանյանը նշեց, թե տարօրինակ չեն համարում, քանի որ նախապես բյուջեի նախագծով ունեցել են տնտեսական աճից ակնկալվող հարկային եկամուտների գնահատական:

«Ունեմ Հարկային օրենսգրքի ներդրման ակնկալվող հարկային եկամուտներ և ունեմ հստակ այն գումարը, որն ակնկալում եմ, որ օլիգարխներին ստիպեմ բերեմ հարկային դաշտ, ստվերից այդքան եկամուտ բերեմ: Այս հարցերի պատասխանն ունեմ և տարօրինակ չեմ համարում մեր տնտեսական քաղաքականությունը»,-պատասխանեց փոխնախարարը: