Երևանի ընդհանուր իրավասության դատարանը մերժել է ՀՀ երկրորդ նախագահ, Մարտի 1-ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանին գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը։Այս գործով հերթական դատական նիստը տեղի կունենա նոյեմբերի 12-ին։

Հիշեցնենք, որ Քոչարյանի պաշտպանական թիմը գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը ներկայացրել էր նոյեմբերի 5-ին, փաստաբաններից Արամ Վարդևանյանն այդ օրը դատարանից խնդրել էր գրավի կիրառումը ճանաչել թույլատրելի և որոշում կայացնել Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխարինել գրավով՝ սահմանելով ողջամիտ չափ։Մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանը, սակայն, հայտարարել էր, թե դատախազությունը շարունակում է պնդել, որ առկա է քննությանը խոչընդոտելու և վարույթն իրականացնող մարմնից թաքնվելու ռիսկը։

Սեպտեմբերի 20-ին ևս դատարանը մերժել էր Քոչարյանին գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը: ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է Մարտի 1-ին Հայաստանի սահմանադրական կարգը տապալելու մեջ: