Նոյեմբերի 7-ին Թուրքիայի նախագահ Էրդողանը, խոսելով Սիրիայում իրավիճակի մասին, հայտարարել է, որ ռուս-թուրքական համաձայնագրով սահմանված 150 ժամն անցել է, սակայն քրդական ուժերը Սիրիայի հյուսիս-արևելքից դուրս չեն եկել։

Էրդողանը հայտարարել է, որ պատրաստվում է Սիրիայի հարցով կրկին հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, բացի այդ՝ նա նշել է, որ երեկ երեկոյան՝ նոյեմբերի 6-ին, հեռախոսազրույց է ունեցել նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, սակայն թուրք նախագահն ընդգծել է, որ հեռախոսազրույցը բավարար չէ։

Ինչպես նախկինում հայտարարվել էր, նոյեմբերի 13-ին Էրդողանն ու Թրամփը կհանդիպեն Վաշինգթոնում։ Այս տեղեկությունն հաստատել է նաև Թուրքիայի նախագահը։

Թուրքիայի նախագահը նախորդ օրը հայտնել էր, որ Սիրիայում Թուրքիայի զինված ուժերը 11 կորուստ է ունեցել։ Այսօր թուրքական իշխանամետ «Յենիշաֆաք» թերթը գրել է, որ «Սիրիայի ազատ բանակի» կորուստներն արդեն 151-ն են։

Հիշեցնենք, որ Սիրիայում հոկտեմբերի 9-ին Թուրքիայի սկսած «խաղաղության ակունք» գործողությունը դադարեց երկու՝ թուրք-ամերիկյան և թուրք-ռուսական պայմանավորվածությունների արդյունքում։

Հոկտեմբերի 17-ին ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսի ղեկավարած պատվիրակության հետ հանդիպումներից հետո Թուրքիայում որոշեցին 120 ժամով դադարեցնել ռազմական գործողությունները Սիրիայում՝ ընգծելով, որ դա ընդամենը դադար է, որպեսզի «ահաբեկիչները դուրս գան այդ տարածքներից»։ Չնայած պայմանավորվածությանը միջազգային ԶԼՄ-ները հայտնում էին, որ մարտերն, այնուամենայնիվ, շարունակվում են։

Վերոնշյալ 120 ժամը լրանալու օրը՝ հոկտեմբերի 22-ին, Ռուսաստանի Սոչի քաղաքում Էրդողանն ու Պուտինը ստորագրեցին 10 կետից բաղկացած համաձայնագիր, որով քրդական ուժերը պետք է հետ քաշվեին 30 կմ խորությամբ, ինչն էլ Թուրքիան որակել էր որպես «անվտանգության գոտի»։ Քրդերը պետք է ազատեին սիրիական Թել Աբյադ և Ռաս ալ-Այն շրջանները, որոնցից Ռաս ալ-Այնից, ըստ էության, արդեն դուրս են եկել։ Բացի այդ՝ համաձայնագրի 6-րդ կետրով YPG-ն պետք է ազատեր նաև Մանբիջն ու Թել-Ռիֆաթը։

Ըստ համաձայնագրի՝ նախատեսվում էր, որ ռուս-սիրիական ուժերը թուրքական գործողության սահմաններից դուրս հետևելու են Սիրիայի հյուսիսից քրդական ուժերի դուրս գալու գործընթացին, իսկ 150 ժամ հետո թուրք-սիրիական սահմանի Սիրիայի հատվածում 10 կմ խորությամբ, թուրքական գործողության շրջանների արևմուտքում և արևելքում, բացառությամբ՝ Ղամիշլիի, ռուս-թուրքական զորքերն սկսելու էին համատեղ պարեկային ծառայություններ։