Հայկական բնապահպանական ճակատը հերթական անգամ անդրադարձել է ցավոտ, սակայն չլուծված խնդրի՝ Արծվանիկի պոչամբարին, որն իր չափերով ամենամեծն է Հայաստանում․

«Սա Արծվանիկի պոչամբարն է՝ Հայաստանի ամենամեծ, իսկ աշխարհի խոշորագույներից մեկը։ Լցված է մոտ 240 միլիոն խորանարդ մետր պոչանքներով, որոնք հարուստ են բազմաթիվ ծանր ու վտանգավոր մետաղներով։ Զարմանալի է, որ ԱԻՆ-ի 2015թ-ին հրապարակած պոչամբարների ցուցակում (նկար 3) մակերեսը նշված է ընդամենը 24 հեկտար՝ այն դեպքում, երբ իրական մակերեսը մոտ 20 անգամ ավել է։ Պոչամբարի միայն հայելու մակերեսը մոտ 270 հեկտար է, իսկ ամբողջ մակերեսը մոտ 480 հեկտար։

Պոչամբարից դուրս եկող թափոնաջրերը լցվում են Նորաշենիկ գետն ու հետո միանում Ողջի գետին՝ խիստ բացասական ազդեցություն թողնելով այդ գետերի ջրի որակի, հիդրոլոգիական և ֆիզիկաքիմիական ցուցանիշների վրա։

Արծվանիկի պոչամբարն օգտագործում է Հայաստանի միակ խոշոր՝ Քաջարանի հանքավայրը շահագործող «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը» (ԶՊՄԿ), որի 75 տոկոսի բաժնետեր է համարվում գերմանական «Քրոնիմետ» ընկերությունը, իսկ մնացած 25 տոկոսը պատկանում է տարբեր հայ պաշտոնյաների հետ փոխկապակցված անձանց և ընկերությունների»։