Նոյեմբերի 8-ին Արդարադատության ակադեմիա են այցելել Կովկասյան տարածաշրջանի երկրների աջակցման համակարգող Քեվին Բրգվինքլը (Վաշինգտոն) և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության երևանյան գրասենյակի տնօրեն Մայքլ Շուլմանը: Այս մասին հայտնում են Արդարադատության ակադեմիայի հանրային կապերի բաժնից։

Ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը հյուրերին ներկայացրել է Ակադեմիայի գործունեության հիմնական ուղղությունները՝ նշելով, որ Արդարադատության ակադեմիան Հայաստանի Հանրապետությունում միակ կառույցն է, որը պատասախանատու է դատավորների, դատախազների, քննիչների մասնագիտական պատրաստման և վերապատրաստման համար: Ռեկտորն անդրադարձել է նաև ուսուցման ծրագրերին, ուսուցման մեթոդաբանությանը, միջազգային համագործակցությանը՝ այդ առումով շեշտադրելով ԱՄՆ գործընկերների հետ ունեցած դրական փորձը:

«Պատահական չէ, որ Ակադեմիայում այս տարի գործարկել ենք «Հայ-ամերիկյան բարեկամության նախասրահ»-ը, համատեղ մշակել և ուսումնական ծրագրերում ներդրել խիստ արդիական թեմաներին առնչվող 9 մոդուլներ, նաև այս պահին համատեղ աշխատանքներ ենք իրականացնում ևս 5 մոդուլների մշակման ուղղությամբ», - նշել է Սերգեյ Առաքելյանը:

Հյուրերը գոհունակությամբ խոսել են առկա համագործակցության դրական արդյունքների մասին: Ռեկտորը, ի պատասխան հյուրերի հարցադրումներին, նշել է Ակադեմիայի և ՀՀ արդարադատության նախարարության արդյունավետ համագործակցության, իրականացված համատեղ միջոցառումների մասին: Նաև անդրադարձել է միջազգային և օտարերկրյա գործընկեր կառույցների հետ իրականացվող ծրագրերին:

Հյուրերը նաև հնարավորություն են ունեցել շրջելու «Հայ-ամերիկյան բարեկամության նախասրահ»-ում, որն ամբողջությամբ նորոգվել, կահավորվել և տեխնիկապես վերազինվել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության աջակցությամբ:

ԱՄՆ գործընկերների հետ քննարկվել են համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր