Աշխարհում ծնվել են այնպիսի քաջազուններ, ովքեր առանց կյանքը խնայելու պայքարել են հայրենիքը շենացնելու, բարգավաճելու ու արտաքին թշնամուց պաշտպանվելու համար: Եվ ահա այսպիսի քաջորդիներից է բանաստեղծ, արձակագիր, դրամատուրգ, «Մաշտոց» հանդեսի գեղարվեստական խմբագիր Գագիկ Խաչատրյանը:

Ծնվել է 1953թ-ի սեպտեմբերի 26-ին Հայոց աշխարհի գեղատեսիլ մարզերից՝ Լոռվա Վանաձոր քաղաքում: Ավարտել է տեղի կերպարվեստի դպրոցը,իսկ այնուհետև Պետական մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետը: Աշխատել է ուսուցիչ, արտադրությունում ճարտարապետ, ինչպես նաև Խաչատուր Աբովյանի անվան դպրոցի տնօրեն: Հրատարակել է «Զննումներ» և «Բառի գույնը» ստեղծագործությունների ժողովածուները: Աշխատում է ՀՀ Մշակույթի նախարարության «Գրքի և հրատարակչության կենտրոն» գործի տնօրեն ՊՈԱԿ-ում որպես բաժնի պետ: Հայաստանի Գրողների Միության անդամ է:

Նրա ստեղծագործությունները թարգմանվել են վրացերեն, ռուսերեն, բելառուսերեն ու շվեդերեն լեզուներով: Սիրված մտավորականի «Զինվորի վերադարձը» ռազմա-հայրենասիրական պատմվածքն արժանացել է 2017թ. ՀՀ Պաշտպանության ու Գրողների միության մրցանակին: Եվ ահա լույս է տեսել նրա թվով երրորդ «Հնչեղ Լռություն» գիրքը: Այն ամփոփում է նրա վերջին տարիների բանաստեղծական խոհերն ու ապրումները, գեղագիտական հայացքները: Այս ժողովածուի հիմնական մոտիվը հայրենասիրությունն է, ապագայի հանդեպ եղած բանաստեղծի տեսլականը: Գրքի էջերը (շարքերը) կոչվում են վտառներ: Դրանք յոթն են։

Այսպիսով՝ գրքի շնորհանդեսը տեղի է ունեցել նոյեմբերի 8-ին Երևանի Քաղաքապետարանի Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանում: Այնտեղ էին հավաքվել տարբեր սերունդների ներկայացուցիչներ՝գրողներ, նկարիչներ, հրատարակիչներ, բանասերներ և այլք: Շնորհանդեսը վարում և բանաստեղծի ստեղծագործություններից էր ընթերցում ասմունքող-դերասան Գայանե Սամվելյանը: Այս մասին հայտնում է լրագրող Գարիկ Ավետիսյանը։

Միջոցառման վերջում սիրված մտավորականն իր երախտիքի խոսքերն ուղղեց միջոցառման կազմակերպիչներին ու գրադարանի տնօրինությանն, ինչպես նաև իր կյանքի ընթացքում մի շարք մտավորականների հետ ունեցած հուշերով ավարտեց միջոցառումը: