Լիտվայի հայության թիվը կազմում է շուրջ 2.5 հազար, հիմնականում բնակվում են մայրաքաղաք Վիլնյուսում նաև Կաունասում, Վիսագինասում։ Հայ-լիտվական մշակութային կապերը սկիզբ են առել դեռ XIX դարի վերջին և XX դարի սկզբին, երբ լիտվական մամուլում տպագրվեցին հայ իրականությանը, պատմությանն և մշակույթին նվիրված հոդվածներ։ Լիտվերեն են թարգմանվել հայոց նշանավոր գրողների՝ Հակոբ Պարոնյանի, Նար-Դոսի, Րաֆֆու, Գրիգոր Զոհրապի, Սիլվա Կապուտիկյանի, Խաչատուր Աբովյանի ստեղծագործությունները։

Հայ-լիտվական մշակութային կապերում մեծ դեր ունի 1988 թ-ին ստեղծված «Գարուն» հայկական մշակութային միությունը։ Այնուհետև 4 տարի հետո՝ 1992-ին ստեղծվում է Լիտվա-հայկական ընկերությունը։ Հայերի հոսքը Լիտվա առ այսօր էլ շարունակվում է։ Կապված երկու երկրների մշակութային կապերի սերտացման հետ ինչպես մեր երկրում, այնպես էլ Լիտվայում գրեթե ամեն տարի կազմակերվում են տարրաբնույթ միջոցառումներ՝ համերգներ, ցուցահանդեսներ, գրական հանդիպումներ, գրքերի շնորհանդեսներ, փոխադարձ այցելություններ և այլն:

Նման միջոցառում տեղի ունեցավ նոյեմբերի 11-ին «Նարեկացի» արվեստի միությունում: Այնտեղ էին հավաքվել տարբեր սերունդների ներկայացուցիչներ, մտավորականներ, հասարակական գործիչներ, մշակույթ գնահատող ու ընդունող մարդիկ՝ մասնակցելու «Լիտվան մոտիկից» խորագիրը կրող ցուցահանդես-համերգ: Միջոցառումն իրականացվել էր «Լիտվական համայնք» մշակութային հասարակական կազմակերպության, ի դեմս՝ նախագահ Լիաննա Մանվելյանի նախաձեռնությամբ:

Այնտեղ ներկայացված էին հայաստանաբնակ լիտվացիների ու սիրված նկարիչ Ստեփան Հակոբյանի լուսանկարները:

Երաժշտական գեղեցիկ կատարումներով հանդես եկան Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի սաներն, ինչպես նաև երաժշտական կատարումներ և թատերականացված պարեր: