Երևանի ներքաղաքային թիվ 30 երթուղին սպասարկող 3 միկրոավտոբուսների վարորդներ չեն կանգնել կանգառում և հրաժարվել են սպասարկել քաղաքացուն, ենթադրաբար, տեսնելով, որ նա հաշմանդամություն ունի՝ քայլակով է տեղաշարժվում: Այդ մասին նոյեմբերի 11-ին հայտնել էր ֆեյսբուքյան օգտատեր Ա․ Դ․-ն, ում հետ էլ առնչվում է դեպքը:

Դավթյանին չեն սպասարկել Դավթաշեն Օլիմպավանի կանգառում։

Դեպքին արձագանքել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչությունը: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը: Նա հայտնել է, որ կատարված ուսումնասիրության արդյունքում երթուղին սպասարկող ընկերությունը կարգազանց վարորդներին հայտարարել է խիստ նկատողություն՝ վերջին զգուշացումով:

«Կանխելով տրանսպորտի ընդհանուր վատ վիճակին ու վարորդների խնդիրներին վերաբերող քոմենթները, նշեմ, որ տրանսպորտի լուրջ խնդիր ունենալը չի նշանակում, որ հանրային տրանսպորտում թույլատրելի է որևէ խտրականություն», - ասվում է Կարապետյանի գրառման մեջ: