Շիրակի մարզի Սարալանջ գյուղում կառուցվել է «խելացի» խոզաբուծարան։

300 խոզ 900 քմ տարածքում` խոզաբուծարաններին ոչ բնորոշ մաքրությունն ու հոտի բացակայությունն ուղղակի զարմացնում են: Միջանցքում շարված են կերով լի դույլերը, որոնք կդատարկվեն միայն նշված ժամին՝ ըստ գրաֆիկի: Ջուր խմելու համար կենդանիներն իրենք են սեղմում հարկավոր կոճակը: Այստեղ մարդկային գործոնն ու աշխատանքային զբաղվածությունը հասցված է նվազագույնի:

Ամեն ինչ սկսվել էր 6 տարի առաջ՝ մեկ խոզից ու ընդամենը 100 հազար դրամ ներդրումից: Ռադիոֆիզիկ, 33-ամյա գյումրեցի Հարություն Սարգսյանի մտքով երբևէ չէր անցնում, թե մի օր կզբաղվի խոզաբուծությամբ:

«Խոզն այդ ժամանակ գնեցի ոչ թե ինձ, այլ հորեղբորս ընտանիքի համար: Մենք արմատներով Սարալանջ գյուղից ենք, Արթիկի տարածաշրջան: Գյուղում, պապիս տանն ապրում է հորեղբայրս և պիտի ասեմ, որ որպես գյուղացի՝ էդքան էլ հաջող չէին վարում իրենց տնտեսությունը, ապրուստի հարց կար: 2013թ-ին որոշեցի մեկ խոզ գնեմ, նվիրեմ, մտածեցի` դե կբազմանա, կվաճառեն, կապրեն,- պատմում է Հարությունը,- խոզերը շատացան, բայց բիզնես կոչվածը ոնց որ թե չէր զարգանում: Որոշեցի ինքս զբաղվել դրանով»:

Հարությունն ասում է, որ մինչ այդ երբեք ծանոթ չի եղել խոզի տեսակներին, բուծման, պահման պայմաններին, անգամ վախեցել է ձեռք տալ կենդանուն:

«Սկսեցի կարդալ, ուսումնասիրել այլ երկրներում ընդունված փորձը և կանգ առա բակտերիաներով հատակի կառուցման գաղափարի վրա»:

2014թ.-ին փորձնական տարածքում՝ 3 քմ-ի վրա 1 մետր խորությամբ փոս է փորում, պատրաստում բակտերիաներով հատակ:

«2015թ.-ին կառուցեցի փոքր գոմը, իսկ մեկ տարի առաջ էս մեծ տարածքը՝ ընդհանուր 900 քմ: Հատակը մեկ մետր խորություն ունի, որ լցված է ծղոտով, փայտե թեփ են օգտագործում շատ տեղերում և բակտերիաներ, որոնք սնվում են խոզի կեղտով»:

Խոզաբուծարանի ողջ աշխատանքը հնարավոր է իրականացնել ընդամենը երկու հոգով: Կերը վաղօրոք պատրաստվում է և դույլերով դրվում խցերի առաջ՝ խոզերի տարիքը հաշվի առնելով:

«Դյուրոկ», «տալենտ», «տեմպո» ցեղատեսակի խոզերը ծնված օրվանից մինչև մորթը ապրում են մաքուր միջավայրում: Դրա շնորհիվ կենդանու միսն առավել մաքուր ու համեղ է: Հիմնական գնորդները երեւանյան ռեստորաններն են եւ գերմանական տեխնոլոգիայով երշիկ պատրաստող մեկ կազմակերպություն: