Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի այցը Վաշինգտոն ուղեկցվում էր Սպիտակ տան մոտ Լաֆայետի պուրակում բողոքի ցույցով, որը կազմակերպել էին ամերիկահայ, քրդական, հունական և կազմակերպությունները:

ԱՄՆ ու Թուրքիայի նախագահների բանակցությունների ողջ ընթացքում հնչում էին կոչեր ընդդեմ Թուրքիայի քաղաքականության, Էրդողանի այցի և նրա ընդունելությանը Սպիտակ տանը:

«Էրդողանին մեծ պատվով են դիմավորել Սպիտակ տանը: Այս մակարդակի ընդունելության պատիվը նա չէր վաստակել և արժանի չէր: Մենք մտահոգված ենք այս առիթով»,- ասել է Վաշինգտոնի Հայ Դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը, հայտնում է «Ամերիկայի ձայնը»:

Հայ դատի հանձնախմբի ղեկավար Արամ Համբարյանը կարևորել է բողոքի ցույցի անցկացումը, որը միասնական ուղերձ է ամերիկյան քաղաքական վերնախավին թուրքական քաղաքականության վերանայման համար: «Այսօրվա ցույցը իր աջակցույունն է հայտնում Թուրքիայի նկատմամբ ավելի հավասարակշված քաղաքականության իրականացմանը»,- ընդգծել է Համբարյանը:

Նա վստահ է՝ Թուրքիայի նկատմամբ քաղաքականությունը փոխվում է և մատնանշում ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումը:

ԱՄՆ նախագահի հետ համատեղ մամլո ասուլիսին Թուրքիայի նախագահ Էրդողանը խոսել է Ներկայացուցիչների պալատի կողմից ընդունված Հայոց ցեղասպանության մասին բանաձևից՝ փաստաթուղթը բնութագրելով որպես վիրավորանք թուրք ազգին: Նրա կարծիքով այս բանաձևը վնասում է թուրք-ամերիկյան հարաբերություններին, և նա հույս ունի, որ ԱՄՆ Սենատի անդամները չեն աջակցի այս պահին Սենատում շրջանառվող հայոց ցեղասպանության մասին նմանատիպ բանաձևին:

Հայ Դատի հանձնախմբի ղեկավարը, սակայն, հակառակ կարծիքի է:

«Որքան էլ նախագահ Էրդողանին թվա, որ նա ունի աջակցություն ԱՄՆ Սենատում, իսկ ԱՄՆ նախագահը թույլ տա նրան նման կերպ մտածել, միևնույն է՝ նա չունի նման աջակցություն: Այս բանաձևի ճակատագիրը կորոշեն սենատորները, ու մենք համուզված ենք, որ եթե նրանց տրվի ազատ քվեարկելու հնարավորություն, ապա այն ևս կստանա ճնշող մեծամասնության աջակցությունը»,- շեշտում է Համբարյանը:

Քրդական «Հանուն Ռոջեմի արտակարգ հանձնախմբի» ղեկավար Օսլեմ Գոնարը ևս դատապարտել է Էրդողանի այցը Վաշինգտոնբ և Սպիտակ տանը նրան պատվով ընդունելու փաստը: Նա քննադատում է ԱՄՆ-ին ու Թուրքիային փակ դռների հետևում առանց քրդերի մասնակցության վերջիններիս ճակատագրի շուրջ բանակցելու համար: