Ազգային անվտանգության ծառայությունը բացահայտել է օտարերկրացիների կողմից ՀՀ օրենսդրության կոպիտ խախտմամբ երեխաների որդեգրման բազմաթիվ դեպքեր: Այս մասին հաղորդում է ՀՀ ԱԱԾ լրատվական ծառայությունը՝ հավելելով, որ հարուցվել է քրեական գործ:

Ըստ ձեռք բերված փաստական տվյալների՝ ՀՀ 2 քաղաքացիներ, օգտագործելով իրենց կապերը հանրապետական մանկաբարձական հաստատություններից մեկում, ՀՀ մի շարք գերատեսչություններում, ինչպես նաև մանկատներում, ՀՀ օրենսդրության կոպիտ խախտմամբ կազմակերպել են ՀՀ քաղաքացի հանդիսացող 30-ից ավելի երեխաների որդեգրումները՝ խնամքը ստանձնած Իտալիայի Հանրապետության քաղաքացիների կողմից:

ԱԱԾ հաղորդագրության մեջ նշվում է, որ մանկաբարձական հաստատության կարգադրիչ և այլ կառավարչական գործառույթներով օժտված մի շարք ծառայողներ, ըստ նախնական համաձայնության, շահադիտական դրդումներով, 2016-2018 թթ. ընթացքում սոցիալական կամ անձնական խնդիրների պատճառով հղիության ընդհատման համար ընկերության ծննդատուն դիմած մեկ տասնյակից ավելի կանանց՝ առանձին դեպքերում հղիության փաստը բարձրաձայնելու սպառնալիքով, նորածնի հիվանդությունը չափազանցնելու և սուտ տեղեկություններով հոգեբանորեն ճնշելու եղանակով, հակել են որդեգրման նպատակով հրաժարվել երեխայից ու կամքին հակառակ տալ որդեգրման համաձայնություն՝ որոշ դեպքերում ծննդկաններից՝ մատուցած բժշկական ծառայությունների դիմաց որպես կաշառք գումար ստանալով:

«Գրավոր համաձայնություն ստանալուց հետո նորածինների մեծ մասը՝ ուղեկցվող բժշկական փաստաթղթերով, տեղափոխվել են մանկատներ: Նշված հաստատությունների պաշտոնատար անձինք, չարաշահելով պաշտոնեական լիազորությունները, բժշկական փաստաթղթերում ծննդատան կողմից նշված մտացածին ախտորոշումների օգտագործմամբ, խախտել են ՀՀ քաղաքացիների կողմից այդ երեխաներին որդեգրելու իրավունքի առաջնահերթությունը՝ անուղղակի խոչընդոտելով նրանց որդեգրումը ՀՀ քաղաքացիների կողմից»,- ասվում է ԱԱԾ հաղորդագրության մեջ։