Սփյուռքահայ կրթական կառույցների շարքում ուրույն տեղ ունի հայկական Սփյուռքի միակ բարձրագույն ուսումնական հաստատությունը՝ Բեյրութի Հայկազյան համալսարանը: Սփյուռքի ձևավորումից հետո Հայ Ավետարանական եկեղեցու առջև ծառացած խնդիրներից էր արտասահմանի հայկական համայնքներում կրթական գործի կազմակերպումը:

Բեյրութի Հայկազյան համալսարանը հիմնադրվել է 1955թ., որպես քոլեջ, անգլերեն ուսուցմամբ: Այն իր անունը ստացել է ի պատիվ Կոնիայի ճեմարանի նախկին ուսուցչապետ Արմենակ Հայկազյանի: Այն ծավալում է հայապահպան ու գիտական գործունեություն՝հրատարակելով տարրաբնույթ պարբերականներ ու ամսաթերթեր: Այստեղի պարբերականներից ամենանշանավորը «Հայկազեան հայագիտական հանդեսն» է, որի հրատարակումը մեկնարկել է 1970 թ.:

«Հայկազեան Հայագիտական Հանդէս»-ը Բեյրութի Հայկազյան համալսարանի հայագիտական ամբիոնի հրատարակությունն է, որը տպագրում է հայոց լեզվին, պատմությանը, մշակույթին, գրականությանը, պատմագիտությանը, ճարտարապետական հուշարձաններին վերաբերող հոդվածներ, անտիպ փաստագրական նյութեր ու գրախոսականներ հայերեն, նաև արաբերեն և արևմտաեվրոպական լեզուներով։ Ծանոթացնում է նորահայտ հայկական ձեռագրերին, ՀՀ-ում և սփյուռքում հրատարակվող հայագիտական գործերին, տեղեկություններ հաղորդում հայագիտությանը նվիրված միջազգային համաժողովների մասին։ Այն բազմաբովանդակալից է, այստեղ ընթերցողը կարող է գտնել պատմական, հասարակական, մշակութային, գրականագիտական,տնտեսագիտական և այլ բնույթի հոդվածներ:

Մինչ օրս հրատարակվել է աշխատության 38 հատոր, իսկ բավականին վերջերս հրատարակվեց 39-րդ հատորը: Այն բաղկացած է 927 էջից, որտեղ տեղ են գտել ինչպես հայազգի, այնպես էլ օտարերկրացիների մի շարք գիտական հոդվածներ ու հրապարակումներ:

39-րդ հատորի շնորհանդեսը տեղի ունեցավ նոյեմբերի 13-ին Հայաստանի ազգային գրադարանի փոքր դահլիճում, որտեղ հավաքվել էին գրքասեր հասարակություն, գիտնականներ, հասարակական գործիչներ: Բացման խոսքով հանդես եկավ Ազգային գրադարանի տնօրեն Հրաչյա Սարիբեկյանը: «Հայկազեան Հայագիտական Հանդէս»-ի հայեցակարգը ներկայացրեց Հայկազյան համալսարանի Հայկական սփյուռքի ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն, դոկտոր Անդրանիկ Տագէսեանը:

Շնորհանդեսի ընթացքում ստորագրվեց փոխըմբռման հուշագիր Բեյրութի Հայկազյան համալսարանի ու Հայաստանի Ազգային գրադարանի միջև, որը նպաստելու է երկու կառույցների միջև տարրաբնույթ ուսումնասիրությունների ու գիտական կենտրոնների զարգացման հարցում: