Կառավարությունն ընդունել է Սահմանադրական դատարանի դատավորների համար վաղ կենսաթոշակի տրամադրման կարգը հաստատող օրենքի նախագիծը:

ՍԴ այն անդամները, որոնք կամավոր թոշակի կանցնեն մինչև 2020-ի հունվարի 1-ը, իրենց աշխատավարձին և հավելավճարներին հավասար կենսաթոշակ և հավելավճարներ կստանան: Պահպանվում են Սահմանադրական դատարանի դատավորների բոլոր սոցիալական երաշխիքները:

Նախագիծը ներկայացրել է արդարադատության նախարարը՝ շեշտելով կամավորության սկզբունքը: Նախագիծը կքննարկվի Ազգային ժողովի արտահերթ նիստում:

ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Հատկանշական է, որ Վենետիկի հանձնաժողովը, անդրադառնալով առաջարկվող մոդելին, ընդգծել է, որ այն բոլոր դեպքերում, երբ վաղ կենսաթոշակի դիմելն, իրապես, կամավոր է, ապա որևէ առարկություն այդ մասով չի կարող լինել: Նաև ուսումնասիրվել է միջազգային փորձը. ԵԽ տարբեր մարմինների կողմից քննադատվել է պարտադիր վաղ կենսաթոշակի անցնելու մեխանիզմը՝ մասնավորապես՝ Լեհաստանում և Հունգարիայում կիրառված, որտեղ պարտադիր է եղել վաղ կենսաթոշակի մեխանիզմը, և, դա հաշվի առնելով, ներդնում ենք վաղ կենսաթոշակի անցնելու կամավոր սխեման»: