Խաչատուր Երանյանը և Աստղիկ Մեսելջյանը շախմատիստներ են, խաղացել են Հայաստանի շախմատի երիտասարդական հավաքականում: 2016թ-ին Խաչատուրը որպես շախմատի մարզիչ հրավեր է ստացել Ֆրանսիայի Լիոն քաղաքի «Մասիս» շախմատային ակումբից, ապա կանչել Աստղիկին: Այստեղ նրանք ամուսնացել են, ծնվել է նրանց դուստրը: Սկզբում անօրինական են գտնվել Ֆրանսիայի տարածքում, ապա դիմել են կացության իրավունք ստանալու: 2018թ-ի հոկտեմբերին որոշեցին վերադառնալ Հայաստան, չնայած հրավեր էին ստացել որպես մարզիչ Փարիզի դպրոցներից մեկում աշխատելու, որը կացության և աշխատանքի իրավունք կընձեռեր: Խաչատուրը թվարկում է վերադառնալու որոշման պատճառները` դստեր ծնունդը, որին ցանկացան մեծացնել հայրենիքում, հեղափոխությունը և սպասվելիք փոփոխությունները Հայաստանում, որը մեծ ոգևորություն և հավատ է առաջացրել, և Ներգաղթի և ինտեգրման ֆրանսիական գրասենյակի (OFII)` վերադարձի աջակցության առաջարկը, որը մեծ շարժառիթ էր վերջնական որոշում կայացնելու համար: Այս մասին գրում է «Հետք»-ը։

OFII-ի աջակցությամբ Երևանում Խաչատուրն ու Աստղիկը «Երանաս» ապրանքանիշով մեքենայացված ասեղնագործության խանութ-սրահ են բացել և հավաստում են, որ իրենց բիզնես-ծրագիրը հաջողությամբ զարգանում է:

«OFII-ն լիակատար կերպով աջակցում է միգրանտների ոչ միայն վերադարձին, այլև Հայաստանում կրկին հաստատմանը: Մեզ հետաքրքիր էր բիզնես ոլորտը, միշտ ցանկացել ենք սեփական բիզնես ունենալ: Մտահղացում ծնվեց ասեղնագործական խանութ-սրահ բացել` «Երանաս», Մալաթիա համայնքում (Սվաճյան 50 հասցեում): Մտադիր ենք մեր բրենդը ճանաչելի դարձնել, հետագայում ընդլայնել»,- ասում է Խաչատուրը:

«Մեքենայացված ասեղնագործություն է, դիզայնը Խաչատուրն է անում, նա լավ նկարում է, էստեղ դիզայներություն է սովորել, բայց շարունակում է սկայպով շախմատի մասնավոր պարապմունքները: Ուրախ ենք և չենք զղջում վերադարձի համար»,- ասում է Աստղիկը:

Կրկին Ֆրանսիա վերադառնալու մասին նրանք չեն մտածում, բայց մտադիր են ապագայում «Երանաս»-ի մասնաճյուղ բացել Ֆրանսիայում:

OFII-ի աջակցությամբ կամավոր Հայաստան վերադարձած մի խումբ ներգաղթյալների հետ Աստղիկն ու Խաչատուրն այսօր ներկա էին ապօրինի միգրանտների կամավոր վերադարձին ուղղված նոր` ֆրանս-գերմանական CAROB պիլոտային ծրագրի (մեկնարկել է 2019թ-ի սեպտեմբերի 1-ին և ավարտվելու է 2020-ի օգոստոսի 31-ին) պաշտոնական մեկնարկի արարողությանը: Այն տեղի ունեցավ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը, որտեղ 2014թ-ից ի վեր տեղակայված է Ներգաղթի և ինտեգրման ֆրանսիական գրասենյակի ներկայացուցչությունը:

Ֆրանսիայի տարածքում ապօրինի գտնվող և արտաքսման ենթակա ՀՀ քաղաքացիներին կամավոր Հայաստան վերադառնալու դեպքում գրասենյակն աջակցում է ոչ միայն վերադարձի կազմակերպման, այլև Հայաստանում կրկին հաստատվելու, սոցիալական և առողջապահական կարիքները հոգալու, տնտեսական կամ աշխատանքային գործունեություն սկսելու հարցում: Անցած 5 տարվա ընթացքում OFII-ի աջակցությունից օգտվել է Հայաստան վերադարձած 1200 ՀՀ քաղաքացի: Միայն 2019թ-ին աջակցություն է ցուցաբերվել 250 ծրագրի, և այդ նպատակով տրամադրվել է ավելի քան 700.000 եվրո:

Ֆրանսիական ծրագիրը հաջողված համարելով` Գերմանիայի կառավարությունն էլ է որոշել իր երկրում ապօրինի գտնվող հայերի կամավոր վերադարձի ծրագիր իրականացնել` ֆրանսիական OFII-ի և Գերմանիայի Դաշնային Հանրապետության միգրացիոն ծառայության` BAMF-Ի հետ համատեղ: Այն աջակցություն է տրամադրելու 400 ՀՀ քաղաքացիների:

«Այսօր հավաքվել ենք ֆրանս-գերմանական հավակնոտ Կարոբ (CAROB) ծրագրի բացմանը: Արդեն իսկ 100 հայ դիմել է Գերմանիայից Հայաստան կամավոր վերադարձի համար: Այս ծրագիրը համահունչ է ԵՄ բոլոր ջանքերին` ուղղված միգրանտների վերադարձին և ողջունվում և խրախուսվում է Հայաստանի իշխանությունների կողմից, որոնք ցանկանում են իրենց քաղաքացիներին պահել իրենց երկրում և նպաստել այն մարդկանց վերադարձին, ովքեր ինչ-ինչ պատճառներով լքել են երկիրը: Մեր ուղերձը հետեւյալն է` հայերի ապագան նախևառաջ Հայաստանում է, և հայ երիտասարդների առաքելությունը Հայաստանի զարգացմանը նպաստելն է: Դա չի բացառում երիտասարդների և պրոֆեսիոնալների փոխանակումը, բայց` վերադառնալու և Հայաստանի զարգացմանը նպաստելու նպատակով»,- ասաց Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոտը:

«Հավատացած ենք, որ ՀՀ քաղաքացիների կայուն վերադարձը անհրաժեշտ հիմք է` ԵՄ-ի հետ ավելի ամուր կապերի ստեղծման համար: ՀՀ կառավարությունը առանձնահատուկ միջոցներ է ձեռնարկել` նպաստելու մեր քաղաքացիների վերաինտեգրմանը և կանխելու նրանց ապօրինի արտագաղթը` մասնավորապես համապարփակ բարեփոխումներ իրականացնելով առողջապահության համակարգում: Այդ ջանքերը կշարունակվեն: Վերաինտեգրմանը բոլոր շահագրգիռ կողմերը պետք է մասնակցեն` ուղարկող երկրները, ՀՀ կառավարությունը եւ ներգաղթողներն անձամբ: Մենք տեսել ենք հրաշալի օրինակներ արդեն իրականացված ծրագրերի: Համոզված ենք` նույն ոգին կառաջնորդի ձեզ այս երկրորդ` ֆրանս-գերմանական ծրագրի իրականացման ժամանակ»,- ասաց տարածքային կառավարման և զարգացման նախարարության միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը:

CAROB ծրագրի պատասխանատու Արա Հովհաննիսյանը փաստում է, որ Հայաստանում 2018թ-ի հեղափոխությունից հետո կամավոր վերադարձողների թվի աճ կա:

«Եվրոպական երկրներում, նույնիսկ մինչև հեղափոխությունը, Հայաստանը համարվում էր ապահով երկիր: Դա նշանակում էր, որ հիմնականում պաշտպանվում են մարդու իրավունքները: Հեղափոխությունից հետո դա ավելի ամրապնդվեց: Հետևաբար, եվրոպական երկրներն ավելի խիստ են վերաբերվում ՀՀ քաղաքացիների դիմումներին: Հեղափոխությունից հետո, մասնավորապես Ֆրանսիայում, 30 տոկոսով նվազել է Հայաստանից փախստականների դիմումների թիվը: Աճել է նաև մերժումների թիվը: Գերմանիան, օրինակ, ՀՀ քաղաքացիների 100 հայցից 97-ը մերժում է»,- ասում է պրն Հովհաննիսյանը:

Նախկինում փախստականի կարգավիճակի համար Ֆրանսիայում ապաստան հայցողների (տարեկան միջինը 2000 դիմում) դիմումների 15-20 տոկոսն էր: Հայաստանում OFII-ի ներկայացուցչության տնօրեն Ժան-Դոմինիկ Ֆաբրիի կարծիքով` 15-20 տոկոսը բարձր ցուցանիշ էր Հայաստանի նման փոքր բնակչությամբ երկրի համար, որն ապահով է համարվում: Հիմա` հեղափոխությունից հետո, այդ ցուցանիշը նվազել է մինչեւ 6-8%: Ըստ նրա` հիմնականում բավարարվում են ԼԳԲՏ համայնքի, ազգային կամ էթնիկ փոքրամասնությունների ներկայացուցիչների, ընտանիքում բռնության ենթարկվածների և Եհովայի վկաների դիմումները, եթե, իհարկե, վերջիններս անհերքելի ապացույցներ են ներկայացնում առ այն, որ ՀՀ-ում իրենց, իրոք, վտանգ է սպառնում:

2019թ-ի դրությամբ Ֆրանսիայում ապաստան կամ փախստականի կարգավիճակ հայցողների աղյուսակը բացում են Աֆղանստանի, հաջորդիվ` Իրաքի, Սիրիայի, Վրաստանի քաղաքացիները, Հայաստանը 7-րդ տեղում է:

ՀՀ քաղաքացիների արտագաղթի հիմնական պատճառներից մեկը առողջական խնդիրն է (գերակշռում են Հեպատիտ C եւ քաղցկեղ ունեցողները), որը, Ժնևի կոնվենցիայի համաձայն, փախստականի կարգավիճակ հայցելու հիմք չէ: Դրանով է պայմանավորված մերժումների մեծ թիվը: Մերժված քաղաքացիները երկու ճանապարհ ունեն` բռնի արտաքսում ոստիկանության ուղեկցությամբ կամ կամավոր վերադարձ: «Ֆրանսիան շատ մարդասիրական երկիր է և փորձում է ամեն ինչ անել, որ բոլոր անձինք, որ երկրի քաղաքացի էլ լինեն, հումանիտար, պատշաճ և արժանապատիվ վերադառնան իրենց երկիր: Դա ձեռնտու է նաեւ Ֆրանսիային, որովհետև բռնի վերադարձի դեպքում պետությունը հավելյալ ծախսեր է կատարում, դա նաև հավելյալ սթրես է իր քաղաքացիների համար, միգրացիոն ռիսկը նույնպես բարձրանում է: Այսինքն` երբ մեկին բռնի կերպով արտաքսում են, նա ցանկություն է ունենում նորից վերադառնալ, իսկ ով վերադառնում է կամավոր, մենք փորձում ենք ամեն ինչ անել, որպեսզի նրանք հաջողեն»,- ասում է Արա Հովհաննիսյանը:

Աջակցության ծրագրերում շեշտը դրվում է սոցիալական և տնտեսական վերաինտեգրման վրա:

«Մեկնողներն այստեղ հիմնականում վաճառում են այն ամենն, ինչ ունեն` բնակարան, կահույք, մեքենա կամ այլ գույք: Մենք ցուցաբերում ենք գույքային եւ առողջապահական աջակցություն` բնակտարածքի վարձակալություն, դեղորայք, անալիզներ` անհրաժեշտության դեպքում: Դժբախտաբար, դա կարող է տեւել միայն 6 ամիս: Հետագայում մենք ՀՀ միգրացիոն ծառայության եւ այլ ինստիտուցիոնալ գործընկերների հետ փորձում ենք նրանց ներգրավել հայաստանյան ծրագրերի մեջ, որպեսզի նրանք որպես Հայաստանի քաղաքացի կարողանան օգտվել: Հայաստանում ներկայումս կան Հեպատիտ C-ի, քաղցկեղի անվճար բուժման ծրագրեր, եւ մեր նպատական է ՀՀ քաղաքացիներին նախ աջակցել, ապա ուղղորդել դեպի հայաստանյան համակարգ: Երկրորդը աշխատանքի խնդիրն է: Այդ հարցը լուծում ենք 2 գործիքի միջոցով` ֆինանսավորում ենք ցանկացած մասնագիտական ուսուցում, որը հնարավորություն կտա արագ որեւէ հմտություն ձեռք բերել և վերադառնալ աշխատանքի շուկա: Եթե դա հնարավոր չէ, միկրոբիզնես ծրագրերի ֆինանսավորում ենք իրականացնում»,- բացատրում է Արա Հովհաննիսյանը:

2018թ-ին նա աուդիտ է իրականացրել` ուսումնասիրելով Ներգաղթի և ինտեգրման ֆրանսիական գրասենյակի ծրագիրը, գնահատելու դրա ազդեցությունը վերադարձած ՀՀ քաղաքացիների վրա: Աուդիտն իրականացվել է երեք ուղղությամբ` սոցիալական կյանք, ընտանեկան կյանք եւ վերաինտեգրման ազդեցությունը շրջապատող մարդկանց վրա, համայնքային և տնտեսական տեսանկյունից: Ուսումնասիրված 100 դեպքից միայն 3-ն է լիովին ձախողվել, վերադարձած քաղաքացիներից մեկը մահացել է: Արա Հովհաննիսյանի խոսքով` միջինում յուրաքանչյուրը ստեղծել է 1.5 աշխատատեղ, և ֆինանսավորված բոլոր ծրագրերը գործում են 2 տարուց ավելի: