Մեր օրերում ճարտարապետության դարավոր ավանդույթներով ու պահպանմամբ զբաղվում է Ալեքսանդր Թամանյանի անվան ազգային թանգարան-ինստիտուտն: Այնտեղ կազմակերպվում են հանդիպումներ ինչպես հայազգի, այնպես էլ օտարերկրյա ճարտարապետների հետ, քննարկումներ, սեմինարներ, ինչպես նաև ցուցահանդեսներ՝ նվիրված արվեստի այդ ճյուղի զարգացմանն ու երիտասարդ մասնագետներին այն ավելի հանգամանալից ծանոթացնելուն:

Նոյեմբերի 14-ին Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում թանգարանի տնօրեն Մարկ Գրիգորյանի նախաձեռնությամբ բացվել է «Կորուսյալ արվեստ. ճարտարապետական գրաֆիկա» խորագրով ցուցահանդեսը: Ցուցահանդեսոի, ներկայացված էին թանգարանի արխիվային նյութերը: Բացման ու ողջույնի խոսքով, ինչպես նաև ցուցահանդեսի մասին խոսել է թանգարանի տնօրենը.

«Սա այն դեպքն է, երբ գծագիրը դառնում է գեղարվեստական ստեղծագործություն, երբ որ գծագիրը ոչ միայն ապագա կամ գոյություն ունեցող շենքը ներկայացնելու գործիք է, այլ ստանում է ինքնուրույն արժեք որպես այդպիսին: Մեծ ճարտարապետները կարողացել են հասնել այն վիճակի, որ իրենց գծագրերը դառնան արվեստի գործեր»:

Նա նշել է, նաև որ իրենք իրենց ֆոնդերից հանել ու ներկայացրել են այդպիսի գեղարվեստական ստեղծագործությունների նմուշներ, այն գործիքները, որոնցով աշխատել են վարպետները:

Ցուցահանդեսի նպատակն է ներկայացնել հայ ճարտարապետության նվիրյալների (Ալեքսանդր Թամանյանի, Նիկողայոս Բունիաթյանի, Հովհաննես Քաջազնունու, Կարո Հալաբյանի, Մարկ Գրիգորյանի, Միքայել Մազմանյանի, Նեկտար Բաժբեուկ-Մելիքյանի, Մարգարիտա Հայրապետյանի, Մարտին Թովմասյանի, Մարտին Միքայելյանի, Ռաֆայել Իսրայելյանի, Լիպարիտ Սադոյանի, Վարազդատ Հարությունյանի, Ռոմեո Ջուլհակյանի, Ջիմ Թորոսյանի և այլոց) գրաֆիկական աշխատանքները` մասնավորապես լվաներկումները (отмывка), ինչպես նաև վերարժևորել արվեստի այս ճյուղը ճարտարապետության մեջ:

Նշենք, որ ցուցահանդեսը գործելու է մեկ ամիս: