Կենսաթոշակառուների բողոքների արդյունքում «Հայփոստ» ՓԲԸ 17-րդ փոստային բաժանմունքի աշխատակազմը կփոխվի: Փոփոխության նպատակը արատավոր երևույթին վերջ տալն է:

Ինչպես հայտնում են աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը` նախարար Զարուհի Բաթոյանը և «Հայփոստ» ՓԲԸ գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Ավագյանը ամիսներ առաջ պայմանավորվել էին ակտիվացնել համագործակցությունը՝ հիմքում դնելով կենսաթոշակառուների շահն ու բարեկեցությունը, վերջ դնելով կենսաթոշակառուներից գումար գանձելու արատավոր սովորությանը:

Հանդիպման ընթացքում կողմերը պայմանավորվել էին ընթացք տալ կենսաթոշակ ստացող յուրաքանչյուր քաղաքացու դիմում-բողոքի: Ուստի, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը դիմած կենսաթոշակառուի բողոքը, որ փոստատարը, կենսաթոշակը վճարելիս, ամեն ամիս նախապես վերցնում է 200-500 դրամ, ներկայացվել էր նաև «Հայփոստ» ՓԲԸ-ին:

Համատեղ իրականացված ստուգման արդյունքում, գտնելով բողոքի համար բավարար հիմքեր, «Հայփոստ» ՓԲԸ տնօրինությունը որոշում է ընդունել փոխել փոստային բաժանմունքի աշխատակազմը:

Նախարարությունը հավաստիացնում է, որ «Հայփոստ» ՓԲԸ-ի հետ համագործակցությունն այս ուղղությամբ շարունակական է լինելու, և ոչ մի դիմում անարձագանք չի մնալու: