Ռուսաստանը պատրաստ է տեխնոլոգիական աջակցություն տրամադրել Թուրքիային՝ 5-րդ սերնդի ազգային կործանիչ ստեղծելու գործում: Այս մասին լրագրողների հետ զրույցում Դուբայի ցուցահանդեսի ժամանակ ասել է ՌԴ ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության տնօրեն Դիմիտրի Շուգաևը։ Այս մասին գրում է Ռիա Նովոստի-ն:

«Մենք այս ոլորտում առաջարկելու բան ունենք մեր թուրք գործընկերներին: Նրանք նույնպես շատ լավ աշխատանքներ են անում: Մենք կարող ենք լրջորեն օգնել նրանց»,- ասել է Շուգաևը:

Հիշեցնենք, որ 2017թ-ի ապրիլին Ռուսաստանի և Թուրքիայի միջև կնքվել է С-400 զենիթահրթիռային համակարգերի մատակարարման վերաբերյալ պայմանագիր: Այն դարձել է Ռուսաստանի ամենամեծ արտահանման պայմանագիրը ՆԱՏՕ-ի անդամ երկրի հետ:

C-400-ների մատակարարումը, որը ճգնաժամ էր առաջացրել Թուրքիայի և ԱՄՆ-ի հարաբերություններում, սկսվել է այս տարվա ամռանը: