Աժդահակ լեռան (Կարմիր սար գագաթ) խառնարային լճից ջրառ իրականացնելու մասին ահազանգից հետո Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը (ԲԸՏՄ) դիմել էր ոստիկանություն՝ ջրառ իրականացրած անձի ինքնությունը պարզելու նպատակով:

Տեսչական մարմնի իրազեկման և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնի պետ Նաիրա Աղաբաբյանը հայտնել է, որ ոստիկանությունն արդեն գտել է այդ անձին, իսկ տեսչությունը իրականացնում է վարչական վարույթ, որի արդյունքները, ըստ ԲԸՏՄ-ի, հայտնի կդառնա 10 օր անց: Այլ մանրամասներ տեսչական մարմինը չի հաղորդել: Այս մասին գրում է «Հետք»-ը։

Հիշեցնենք, որ հոկտեմբեր ամսին «Ժողովրդավարական համախմբում» նախաձեռնությունը իր ֆեյսբուքյան էջում ահազանգել էր, որ Գեղամա լեռներում անասնապահությամբ զբաղվող որոշ գյուղատնտեսներ 2018թ-ից մոտ 5 կմ երկարությամբ խողովակաշարի միջոցով Աժդահակ լեռան Կարմիր սար գագաթի խառանարային լճի ջուրը օգտագործում են անասուններին ջրով ապահովելու և սեփական կարիքների համար, ինչը կարող է հանգեցնել լճի անապատացմանը, որն իր հերթին կխախտի տեղանքի էկոհամակարգը: Հայտարարությանը կցվել էին նաև խողովակների առկայությունը փաստող, ինչպես նաև նախկին ու ներկա վիճակները պատկերող լուսանկարներ:

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարը հանձնարարել էր տեղում ուսումնասիրություններ անցկացնել: Այսօր տեսչության իրազեկման և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնի պետ Նաիրա Աղաբաբյանը հայտնել է, որ երբ տեսուչներն այցելել են լեռան տարածք, այնտեղ ջրառ չի իրականացվել: Փոխանցում է «Հետք»-ը։