Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն նոյեմբերի 18-ին հայտարարել է․

«Թուրքիան կարող է վերսկսել ռազմական գործողությունը Սիրիայի տարածքում, քանի որ Ռուսաստանն ու քրդական ռազմական կազմավորումները չեն կատարում պայմանավորվածությունները։

Եթե մենք չստանանք ցանկալի արդյունքը, կանենք այն, ինչ պահանջվում է, ինչպես նախկինում էինք անում: Այլ ելք չկա: Մենք պետք է վերացնենք ահաբեկչության սպառնալիքը մեր հարևանությամբ», - հայտարարել է նա:

Թուրքիան կարծում է, որ պայմանավորվածություններին հակառակ, քրդական YPG-ի ոչ բոլոր ջոկատներն են հեռացել սահմանամերձ տարածքից, գրում է Deutsche Welle-ն:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 1-ին Թուրքիան և Ռուսաստանը սկսել են համատեղ պարեկությունը թուրք-սիրիական սահմանի շրջանում: Համատեղ պարեկությունը իրականացվում է ըստ ՌԴ և Թուրքիայի միջև ստորագրված հուշագրի՝ այն կնքվել է 2019-ի հոկտեմբերի 22-ին Սոչիում: Ըստ այդ պայմանավորվածության YPG-ի քուրդ մարտիկները պետք է մինչև հոկտեմբերի 29-ը հեռանային անվտանգության 30 կիլոմետրանոց գոտուց: ՌԴ-ն հայտարարել է, որ պայմանավորվածությունը կատարվել է: